Հալեպի Սալբիե շրջանում նոյեմբերի 6-ին ռումբ է ընկել Հայ առաքելական Քառասնաց Մանկանց եկեղեցու տարածքում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի իր աղբյուրից, ով նշեց` ռումբի թիրախ է դարձել նախկին առաջնորդարանը: Բարեբախտաբար, մարդկային կորուստներ չեն եղել, գրանցվել են միայն նյութական վնասներ, որոնց չափի մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվել: Բացի դրանից, քաղաքում նոյեմբերի 6-ին էլեկտրականություն գրեթե չի եղել, քանի որ հարձակում է տեղի ունեցել էլեկտրակայանի վրա: Այսօր էլեկտրականությունը ընդհատումներով է եղել:

Մի քանի օր առաջ ռումբեր են ընկնել նաև հայկական Նոր Գյուղ թաղամասի վրա, որի հետևանքով հայեր են վիրավորվել: «Նրանցից մեկի լյարդն է վնասնվել, իսկ մյուսների վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց աղբյուրը:

Հալեպում ընդհանուր իրավիճակի մասին նշվեց, որ կայուն է, մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, չնայած որ մերթընդմերթ հրասանդներ են ընկնում քաղաքի տարբեր թաղամասերի վրա՝ պատճառելով նյութական վնասներ:

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Սիրիայում 2011թ.-ի մարտից սկսված հակակառավարական շարժումների հետևանքով զոհվել է 120 հազար մարդ, այդ թվում մի քանի տասնյակ հայեր: