ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրող սիրիահայերի կարիքների լուծմանն առաջիկա 6-10 ամիսների ընթացքում բարեգործական միջոցներ կուղղվեն : Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Ավստրիան 600 հազար եվրոյի օգնություն է կազմակերպելու, որը կծառայի սիրիահայերի համար հագուստ, կոշիկ և տաք պարագաներ գնելուն, ինչպես նաև բնակարանների վարձի համար: Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը 125 հազարական դոլար գումար կտրամադրեն սիրիահայ ուսանողությանը: ՄԱԿ-ի պարենի ծրագրերի միջոցով Ռուսաստանը կես միլիոն դոլարի սնունդ է բաժանելու սիրիահայերին: Այս ծրագիրը կմեկնարկի նոյեմբերից և վեց ամիս շարունակ 16 կիլոգրամանոց սննդի անվճար փաթեթներ կտրամադրվեն սիրիահայ ընտանիքներին»,-նշեց Հրանուշ Հակոբյանը:
Նրա հավաստմամբ` պետությունն ամեն ինչ անում է սիրիահայերի համար բոլոր պայմանները ստեղծելու համար, որպեսզի նրանք ապրեն ու գործեն Հայաստանում: «Սիրիահայերի համար բոլոր խնդիրները լուծվում են: Մինչ այժմ 20 միլիոն դոլարի օգնություն է Հայաստանը տրամադրել նրանց մուտքի, ելքի, անձնագրերի, վարորդական վկայականների, ինչպես նաև առողջապահական, կրթական ծախսերի համար»,-ասաց նախարարը: Նրա խոսքով` սիրիահայերի 30 տոկոսն ապահովված է սեփական բնակարանով, մի մասը կարողանում է իր ֆինանսներով վճարել տան վարձը: «Մենք փորձում ենք օգնություն հայթայթել այն հատվածի համար, ովքեր ունեն դժվարություններ բնակարանի վարձը վճարելու, աշխատանք հայթայթելու հարցերում»,-ասաց Հրանուշ Հակոբյանը` հավելելով, որ «Նոր Հալեպ» սիրիահայերի թաղամասի ստեղծման միջոցով փորձում են ամրացնել սիրիահայերին հայրենիքում:
Սիրիայում պատերազմական իրավիճակի արդյունքում մոտ 11 հազար սիրիահայեր են հաստատվել Հայաստանի Հանրապետությունում: «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման համար Աշտարակում առաձնացվել է 4,8 հա հողատարածք, որտեղ նախատեսվում է կառուցել հինգ հարկանի չորս շենք: Թաղամասում բնակվելու համար արդեն դիմել է Սիրիայից Հայաստան տեղափոխված 328 ընտանիք:
ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը եւս վերջերս հայտարարեց, որ սիրիահայ 500 ընտանիքի ձմեռնամուտի աջակցություն կտրամադրի` 100 հազարական դրամի չափով: