ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում տիրող պատերազմական իրավիճակի պատճառով չի դադարում սիրիահայերի հոսքը Հայաստան: Օդային հաղորդակցության ուղիների փակ լինելու պատճատով, նրանք հիմնականում Հայաստան են տեղափոխվում Լիբանանից, որտեղ հասնում են ցամաքային ճանապարհներով: Վերջին 2-3 ամսվա ընթացքում Հայաստան է եկել մոտ 700 սիրիահայ: «Վերջին մեկ ամսվա ընթացքում Սիրիայից հոսքն ակտիվացել է: Նրանք գալիս են նաև Բեյրութ-Երևան չվերթով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նա տեղեկացրեց, որ լինում են նաև Հալեպ վերադարձող ընտանիքներ, սակայն նրանց թիվն այդքան էլ մեծ չէ: Ավելի քիչ են Եվրոպա գնացողները` մի քանի տասնյակ սիրիահայ:
Սիրիայի եւ Հայաստանի միջեւ օդային հաղորդակցության վերականգնման հարցում եւս հստակություն չկա: «Սիրիական ավիաուղիների» երևանյան գրասենյակի մենեջեր Սվետլանա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Դամասկոս- Երևան վերջին չվերթը եղել է հունիսի 5-ին, որից հետո այն անժամկետ դադարեցվել է: «Դեռ չգիտենք, որքան կտևի այս վիճակը, և երբ կվերականգնվեն Դամասկոս-Ղամիշլի-Երևան և հակառակ ուղղությամբ չվերթերը»,- նշեց գրասենյակի մենեջերը:
Այս պահին Հայաստանում ապրում է մոտ 11 հազար սիրիահայ, ովքեր բնակարանային և աշխատանքի հարցերով մշտապես կապի մեջ են ՀՀ սփյուռքի նախարարության հետ: Մոտ երկու տարվա ընթացքում ավելի քան 16 հազար սիրիահայ է եկել Հայաստան, իսկ հետո նրանց մոտ 1/3-ը վերադարձել է Սիրիա, մի չնչին մասը` մեկնել Եվրոպա: Աշխատանքի խնդրանքով Սփյուռքի նախարարություն է դիմել 1000-ից ավել սիրիահայ, բոլորն ապահովվել են աշխատանքով, հետագայում աշխատանքի հրավիրելով նաև իրենց հարազատներին ու մտերիմներին: