ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը շարունակում է սիրիական ճգնաժամի հետեւանքով երկրում հաստատված սիրիահայերին արտոնությունների տրամադրումը: Սիրիահայերն առանց որակավորման քննություններ հանձնելու հնարավորություն կստանան իրենց վարորդական վկայականները փոխանակել մինչ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, այդ մասին նախագիծն ընդգրկված է գործադիրի հոկտեմբերի 31-ի նիստի օրակարգում:

Այդպիսով, կառավարությունն իր նախորդ որոշման ժամկետը, որով սիրիահայերին այդ հնարավորությունը տրվում էր մինչ 2013 թ.-ի դեկտեմբերի 31-ը, երկարաձգում է ևս մեկ տարով: ևՀՀ սփյուռքի նախարարության հիմնավորման համաձայն` դեռևս առկա է նման կարգավորման անհրաժեշտությունը, հետևաբար, պետք է ևս մեկ տարով երկարաձգել որոշման գործողությունը:

Բացի դրանից, մինչ 2014 թ.-ի դեկտեմբերի 31-ը կերկարաձգվի Սիրիայից Հայաստան ներմուծված ավտոմեքենաների նկատմամբ կիրառվող «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը: Ըստ հիմնավորման` դեռևս հստակ չէ սիրիահայերի ՀՀ-ում գտնվելու ժամանակահատվածը, իսկ ավտոնեքենաների մաքսազերծման պարագայում կառաջանան լրացուցիչ ծախսեր, որոնք խնդրահարույց են սիրիահայերի համար: