ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի պատերազմի պատճառով Հայաստան գաղթած հազարավոր սիրիահայեր ձմռանը կարող են առանց կացարանի, սննդի և դեղամիջոցների մնալ, քանզի արդեն ծախսել են իրենց բոլոր միջոցները: «Մարդասիրական օգնության մեծ կարիք կա` սնունդ, կացարան , բժշկական օգնություն», – այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Catholic News Service կայքը, ասել է Ավստրիական Կարմիր Խաչի միջազգային աղետների կառավարման բաժնի ղեկավար Վալտեր Հայեկը:

«Սիրիահայերի ամենամեծ հոսքը դեպի Հայաստան եղել է անցյալ տարվա ամռան սկզբներին և դրանք հիմնականում միջին դասի ներկյացուցիչներ են եղել, ովքեր մտածում էին, որ դա ժամանակավոր բնույթ կկրի, և ինչն ակնհայտորեն չարդարացվեց»,- հավելել է նա:

Հայեկը նշել է, որ Հայաստանի կառավարությունը օգնել է գաղթած սիրիահայերին` աշխատանքի թույլտվություն, հայկական անձնագրեր, ինչպես նաև պետական հիվանդանոցներում ու կլինիկաներում անվճար բժշկական օգնություն ստանալու և դպրոցներում անվճար ուսանելու հնարավարություն տալով:

Թեև հիվանդանոցներում բուժումն անվճար է, բայց հիվանդներն իրենք պետք է հոգան դեղորայքի ծախսերը: Հայեկի խոսքով` ինքը տեսել է ասթմայի, շաքարախտի, արյան բարձր ճնշման և սրտի հիվանդությունների կրիտիկական դեպքեր, երբ դեղորայքի թանկության պատճառով շատ սիրիահայեր ի վիճակի չեն եղել գնել այն: Հայաստանում ապաստանած սիրիահայերի 40 տոկոսը երեխաներ են, որոնցից շատերը մանկական սննդի, մանկասայլակների, գրենական պիտույքների կարիք ունեն, քանզի նրանց ծնողները ծախսել են իրենց մոտ եղած ողջ գումարը:

Ըստ Ավստրիական Կարմիր խաչի պաշտոնյայի` իր կազմակերպությունն արդեն աշխատում է միջազգային օգնության գործակալությունների հետ` սիրիահայերի հիմնական կարիքները հոգալու նապատակով: Օրինակ` նրանք վճարել են արևելահայերենի դասերի, իրավաբանական խորհրդատվության, փոքր բիզնեսներ հիմնելու նպատակով անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար:

Սիրիայից Հայաստան ժամանած հայերը «ցանկանում են աշխատել: Նրանք սովոր չեն բարեգործություն ստանալ և ցանկանում են ինքնուրույն վաստակել իրենց գումարը: Մենք ապահովում ենք նրանց անհրաժեշտ սարքավորումներով`վառարաններով, խոհանոցային սպասքով, գործիքներով` իրենց սեփական բիզնեսը սկսելու համար»,- նշել է Ավստրիական Կարմիր Խաչի միջազգային աղետների կառավարման բաժնի ղեկավարը` հավելելով, որ մի քանի սիրիահայեր արդեն Երևանում իրենց փոքրիկ հացատներն են բացել:

Հայաստանում ներկայումս բնակվում են 8-10 հազար սիրիահայեր: