ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը միջազգային գործընկերների հետ հանձնառություն է ստանձնել աջակցելու Սիրիայից փախստականներին: Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում:

«Մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները, որպեսզի նրանք Հայաստանում լիակատար պաշտպանություն ունենան, փորձում ենք լուծումներ տալ մեր սիրիահայ եղբայրների եւ քույրերի խնդիրներին: Հայաստանում սիրիահայ երեխաների համար դպրոց է հիմնվել, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց կրթական ծրագիրը»,-ասաց Սարգսյանը:

ՀՀ Նախագահի խոսքով` Հայաստանը հավատում է, որ Սիրիայում իրավիճակը կկարգավորվի: «Հայաստանն օժանդակում է Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ընթացող միջազգային բանակցություններին. մենք սատարում ենք արդեն ձեռք բերված համաձայնությունը միջազգային մակարդակով»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Այս պահին Հայաստանում ապրում է շուրջ 10 հազար սիրիահայ, ովքեր բնակարանային և աշխատանքի հարցերով մշտապես կապի մեջ են ՀՀ սփյուռքի նախարարության հետ: Վերջին մի քանի շաբաթներին հոսքը մի փոքր ակտիվացել է. նրանք Հայաստան են գալիս ոչ թե Սիրիայից, այլ Լիբանանից, քանի որ փակ են բոլոր ճանապարհները: Մեկուկես տարվա ընթացքում 15 հազար սիրիահայ է եկել Հայաստան, նրանցից ավելի քան 5 հազարը վերադարձել է Սիրիա, իսկ մի չնչին մասը` Եվրոպա: Աշխատանքի խնդրանքով Սփյուռքի նախարարություն է դիմել մոտ 1000 սիրիահայ, որոնք բոլորն էլ ապահովվել են աշխատանքով: