ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող հանձնաժողովի նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, Սիրիայից ժամանած ապաստան հայցողների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
Նա ներկայացրել է թվային տվյալներ իրենց ծառայությանը դիմած սիրիահայերի վերաբերյալ և նշել, որ ի տարբերություն այլ երկրների, սիրիահայերի հետ տարվող աշխատանքն իրականացվել է բավական արագ, փորձել են սրտացավ և ուշադիր լինել:
ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և միջին արևելքի երկրների վարչության պետ Լուսինե Ստեփանյանը ներկայացրել է Նոր Հալեպ թաղամասի կառուցման նպատակով ՀՀ կառավարության 2013թ. հունիսի 6-ի 656-ն որոշման կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն: Նշվել է, որ լուծվել է հողահատկացման հարցը, այժմ ընթանում են տարածքի երկրաբանական հետազոտությունները:
Ավարտին են մոտենում նախագծային աշխատանքները: Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կատարած աշխատանքների վերաբերյալ հաղորդումով հանդես է եկել Հայ ավետարանչական ընկերակցության նախագահ Հարություն Ներսիսյանը: Նա պատրաստակամություն հայտնել աջակցել թաղամասի կառուցման գործին:
Ամփոփելով նիստը ՀՀ սփյուռքի նախարարը նշել է որ սիրիահայերի համար առաջնահերթ խնդիր է մնում կացարանով ապահովելու հարցը; Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև սիրիահայ ուսանողների կրթաթոշակների փոխհատուցման, մայրենի լեզվի ուսուցման լրացուցիչ ծրագրեր կազմելու հարցերին: