ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատյան Հայապետական Թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում սեպտեմբերի 21-ին Սիրիայի Բերիո թեմի նախկին երկարամյա առաջնորդ գերաշնորհ Տեր Սուրեն արքեպիսկոպոս Գաթարոյանի ձեռամբ մատուցվել է Սբ. Պատարագ: Տ. Սուրեն Սրբազանը Հայաստանում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի հրավերով` Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արարատյան Հայրապետական Թեմի մամուլի դիվանից, Սուրբ Պատարագին ներկա է եղել Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Պատարագիչ Սրբազան Հայրն իր քարոզում շեշտել է քրիստոնեության երեք կարևորագույն գաղափարները` սերը, հույսը, հավատը, որոնցով սիրիահայությանը հորդորել է փարված մնալ Հայ Եկեղեցուն, հավատարիմ զավակը լինել Հայաստանի Հանրապետության և երախտապարտ որդին` սիրիական պետության:
Նա շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Հայրապետին և ՀՀ ղեկավարությանը` սիրիահայության հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար: Պատարագիչ Սրբազանը գոհունակություն է հայտնել Տ. Նավասարդ Սրբազանին` սիրիահայերին հաղորդակցվելու առիթ ընձեռելու և հյուրընկալության համար:
Հայաստանի Անկախության տարեդարձը հայաստնաբնակ սիրիահայերի համար արժևորվել է այս իրադարձությամբ ևս, քանի որ Հայաստանում բնակվող սիրիահայերի համար սա համախմբվելու ևս մի առիթ էր: Սբ. Պատարագի ավարտին կատարվել է հոգեհանգիստ` ի հիշատակ Սիրիայում պատերազմի պատճառով զոհված անմեղ նահատակների: