a1plus.am – Այսօր Սփյուռքահայ ուսանողների խորհրդի Հոգեբանական ակումբի և «Գոյ» հոգեբանական կենտրոնի կողմից նախաձեռնած՝ «Հոգեբանությունը որպես կամուրջ սփյուռքահայ և տեղացի երիտասարդների միջև» խորագրով տասնօրյակի բացման արարողությունն էր, որտեղ քննարկում էին, թե ինչ է նրանց համար իրական երջանկությունը:

Իրանահայ Լևոն Վարդանյանի համար, ով սովորում է Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի երկրորդ կուրսում, իրական երջանկությունը ընկերներին և շրջապատին հաճելի լինելն է, բացի այդ, նա կատարյալ երջանիկ կլինի, եթե դառնա նախագահ:

Լևոն Վարդանյանը Հայաստանում հաստատվել է ԱՄՆ-Իրաք պատերազմական գործողությունների ժամանակ: Նրա ընտանիքն Իրան է գաղթել Վանից;
«Ինձ համար շատ հետաքրքրիր էր, քանի որ ես Հայաստան եկա Սեպտեմբերի 21-ին, այստեղ տոն էր, վառ գույներ և շատ ոգևորվեցի»,-ասում է Լևոնը:
Ինչպես յուրաքանչյուր Սփյուռքահայ, Լևոնն էլ սկզբնական շրջանում խնդիրներ ուներ միջավայրին հարմարվելու հարցում. «Լեզուի խնդիր է, որ սկզբում գալիս ես Հայաստան ու չես կարողանում խոսել արևելահայերեն, դա արդեն խնդիր է լինում, որ դու չես կարողանում շփվես: Ես երբ որ դպրոց մտա, ես խնդիրներ ունեցա շփվելու, բայց ինձ շատ օգնեցին`դասղեկս էլ օգնեց, երեխեքը շատ-շատ օգնեցին»:

Նրա համար կարևոր և առաջնային էր նաև ընկերական շրջապատ ձեռք բերելը.

«Համալսարան ընդունվելուց հետո ես ընկերներ ունեցա, և հիմա փառք Աստծո լավ խոսում եմ, սովորում եմ, ապրում եմ և հաստատվել եմ Հայաստանում»:

Նա նաև անդրադարձավ սիրիահայերին, որոնք նոր են եկել Հայաստան`«սիրիական խառնաշփոթի» հետևանքով. «Մեր նույն խնդիրների միջով են անցնում, մենք էլ, որ պատերազմից եկանք` Իրաքից, 2006-2007 թվականներին, մեր ամեն ինչ էնտեղ թողեցինք`տուն, տեղ, դպրոց, ունեցվածք, պարզապես ես հիմա փորձում եմ իմ հաղթահարած ճանապարհից խորհուրդներով օգնել նրանց»:

Ցավոք սրտի, ըստ զրուցակցիս, այսօր կան բազում սիրիահայեր, որոնք գալով Հայաստան, չեն կարողանում հարմարվել և փորձում են երկրից հեռանալու միջոցներ որոնել, պատճառներից մեկը աշխատանք չունենալն է՝ գտնում է իրանահայ Լևոն Վարդանյանը. «Աշխատանք գտնելը շատ դժվար բան է այսօրով, բայց դու պետք ա անես ամեն ինչ, որ կարողանաս հայրենիքում աշխատանք ունենաս և ապրես, դու հայրենիքում ես, դու պետք ա ցանկացած գործ անես, կարողա մարդ 2 գործ աշխատի, որ կարողանա ընտանիք պահի, դա խնդիր չէ իմ կարծիքով, ապագայում խելացի մարդը միշտ կարողանում է իր տեղը գտնել այս կյանքում, կարևորը չհիասթափվել և կոտրվել, Երևանում ամեն ինչ դժվար է, բայց պետք է հաղթահարել այդ դժվարությունները»:

Այս պահին նրա միակ մտահոգությունը հայրն է, որ գտնվում է Իրաքում. «Պայթյուններ միշտ էլ կան և վտանգը մեծ է, կուզեմ, որ հայրս էլ գա՝ այստեղ մեզ հետ մնա»: