ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորումից հետո նույնիսկ Հալեպի մեր հայ համայնքն այլեւս կդադարի հզոր համայնք լինելուց: Լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 3-ին նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: «Սիրիայում մեր համայնքը չի կարող վերականգնվել»,-ասաց նա: Պապյանը նշեց, որ ամենամեծ խաղացողը Միջին Արեւելքում ներկայում ԱՄՆ-ն է, որը գրեթե միայնակ է Սիրիային ընդդիմանալու հարցում: «ԱՄՆ-ն երկու շահ ունի Միջին Արեւելքում: Առաջինն իր նավթագազային մատակարարումների հարցն է: Երկրորդ շահը Իսրայելի անվտանգությունն է, քանի որ Իսրայելը ոչ միայն ստրատեգիական դաշնակից է ԱՄՆ-ի համար: Իսրայելն ու հրեական լոբբին մեծ դերակատարություն ունեն այսօր Միջին Արեւելքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց քաղաքագետը:

Արա Պապյանի կարծիքով` Սիրիայում մեծ պատերազմ չի լինի: Կլինեն միայն մասնակի հրթիռային հարվածներ:

Սիրիայում երկու տարուց ավելի ձգվող պատերազմական իրավիճակը սրվել էր օգոստոսի 21-ին, երբ լրատվամիջոցները հայտնեցին Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի օգտագործման մասին: Սիրիայի կառավարությունն օգոստոսի 25-ին թույլատրել է ՄԱԿ-ի փորձագետներին այցելել քիմիական հարձակման հնարավոր վայրերը: Փորձագետները Սիրիան լքել են օգոստոսի 31-ին՝ իրենց հետ տանելով փորձանմուշները: