ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթի Լիչն արդեն մի քանի տարի մեր երկրում է: Հիացած է հայկական հյուրընկալությամբ, հայերի հումորի զգացումով և անկեղծությամբ: Քեթի Լիչը հայ-բրիտանական հարաբերությունները բարձր է գնահատում: Միացյալ Թագավորության դեսպանության ղեկավարը նախատեսում է մոտ ժամանակներս մեր երկրում առնվազն մեկ Բրիտանական շաբաթ անցկացնել, որի ընթացքում կկազմակերպվեն միջոցառումներ` Հայաստանում բրիտանական կրթությունը, լեզուն, գիտությունն ու նորարարությունները, բիզնեսն ու ծառայությունները, արվեստն ու երաժշտությունը տարածելու նպատակով: Հայ-բրիտանական հարաբերությունների այսօրվա վիճակի և զարգացման մասին «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Քեթի Լիչի հետ:
– Տիկին դեսպան, հուլիսի 22-ին ծնվեց Միացյալ Թագավորության գահաժառանգը: Շնորհավորում ենք Ձեզ: Ամբողջ աշխարհը ցնծության մեջ է: Ի՞նչ խորհուրդ ունի թագաժառանգի ծնունդը Մեծ Բրիտանիայի համար եւ որո՞նք են արքայական ժառանգի մասին այն 7 հետաքրքիր փաստերը, որ դեսպանությունն իր ակցիայով փորձում էր պատմել հայաստանցիներին:
– Շնորհակալություն շնորհավորանքներին համար: Երեխայի ծնունդը միշտ ուրախալի առիթ է, բայց բրիտանացիները հատկապես ոգևորված են, քանի որ Ուիլյամն ու Քեյթը իրենց ջերմությամբ ու պայծառությամբ շարժել են մարդկանց սրտերը: Նրանք հիանալի զույգ են, և մենք ամենայն բարիք ենք մաղթում նրանց: Ահա և այն հետաքրքիր փաստերը, որոնք մենք ներկայացրել ենք հանրությանը Հայաստանում.
•Ուիլյամի և Քեյթի երեխան, անկախ իր սեռից, համարվում է գահի երրորդ ժառանգորդ: Կառավարության 2011թ. որոշմամբ ՄԹ-ում այլևս չի գործելու գահը միայն տղամարդկանց փոխանցելու ավանդույթը:
•Խախտելով թագավորական ընտանիքի ավանդույթները` Քեյթը որոշել է, որ իր երեխային խնամելու հարցում առաջին շաբաթների ընթացքում իրեն օգնելու է ոչ թե դայակը ՝ այլ իր մայրը: Քեյթը թագավորական ընտանիքի առաջին կինն է, ով հրաժարվում է դայակի ծառայություններից:
•Թագավորական ընտանիքի երեխան արդեն ունի իր համար հատուկ գրված օրորոցային երգ: Կոմպոզիտոր Թոմ Մելորը, ով նաև հեղինակել է Քեյթի և Ուիլյամի հարսանեկան երգը, օրորոցայինն արդեն փոխանցել է ծնողներին: Այն կոչվում է «Քնիր»:
•Ուիլյամի և Քեյթի երեխան մի լուսավոր օր դառնալու է ՄԹ զինված ուժերի հրամանատար, անգլիական եկեղեցու գերագույն ղեկավար, համագործակցության 16 երկրների և 54 ազգերի ղեկավար:
•Թագավորական ընտանիքի երեխային մկրտելու համար Լոնդոնի արքեպիսկոպոսը ջուրը կբերի անմիջապես Հորդանան գետից:
•Թագավորական ընտանքի երեխայի ծնունդը համաշխարհային տնտեսությանը 425մլն դոլարի օգուտ է տալու:
•Թագավորական ընտանիքի երեխայի ծննդյան հետ կապված Twitter-ում ավելի քան 100,000 #Royalbaby անունով նշագրում է գրանցվել:
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Միացյալ Թագավորության հարաբերությունների ներկա փուլը, ի՞նչ ընթացք ունի քաղաքական երկխոսությունը, գոհացնո՞ղ են արդյոք տնտեսական կապերը:
– Անցած տարվա ընթացքում Հայաստան այցելեցին բարձրաստիճան պաշտոնյաներ Բրիտանիայից` Եվրոպայի նախարար Դեյվիդ Լինդինգթոնը, ԱԳ փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը, ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Քոլին Ռոբերթսը, Լորդերի պալատի խոսնակ Լորդ Ուոլիսը և, իհարկե, կայացավ Ուելսի արրքայազնի ոչ պաշտոնական այցն ու հանդիպումը ՀՀ նախագահի հետ: Մայիսին Լոնդոնում տեղի ունեցավ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը: Ես շատ ուրախ եմ երկու երկրների հարաբերությունների զարգացման այս ընթացքի համար, և մենք նախատեսում ենք նույն ոգով աշխատել նաև այսուհետ:
Տնտեսական հարաբերությունների զարգացումը մեր առաջնային քայլերից է: Հայաստանում այժմ բազմաթիվ բրիտանական բրենդներ կան՝ HSBC, Next, Debenhams, Marks & Spencer և այլն: Մենք ունենք նաև Բրիտանիայից կառավարվող մի քանի ընկերություններ՝ դեղագործական, քիմիական և կառուցապատման բնագավառներում: Անցյալ տարի նոյեմբերին մենք կազմակերպեցինք բրիտանական ընկերությունների այց Հայաստան: Ներկայացել էին ընկերություններ տարբեր բնագավառներից՝ ոսկերչականից մինչև ճարտարագիտական: Բայց մենք առավելագույնին ենք ձգտում: Բրիտանական Lidian ընկերությունը պլանավորում է դառնալ Հայաստանի ամենամեծ արևմտյան ներդրողը՝ իր հետ բերելով բնապահպանական, ֆինանսական և սոցիալական նոր ստանդարտներ: Մենք հավատում ենք, որ սա Հայաստանի ներդրումային ոլորտում դառնալու է նոր գործելաոճի հաստատման նախադեպ:
– Հայաստան-Մեծ Բրիտանիա հարաբերություններն ամրապնդող ի՞նչ միջոցառումներ են իրականացվելու մոտակա ժամանակներս:
– Քաղաքական տեսանկյունից՝ հաջորդ վեց ամսվա համար մենք նախատեսում ենք պառլամենտական խմբերի այցելություններ Հայաստան, ինչպես նաև լավ կլիներ Հայաստանից նույնպես պատվիրակություն ուղարկել Միացյալ Թագավորություն: Մենք նաև նախատեսում ենք Հայաստանում կազմակերպել առնվազն մեկ Բրիտանական շաբաթ, որի ժամանակ կտարածենք բրիտանական կրթությունն ու լեզուն, գիտությունն ու նորարարությունները, բիզնեսն ու ծառայությունները, արվեստն ու երաժշտությունը: Մենք ցանկանում ենք աշխատել հայկական և բրիտանական բիզնեսի ներկայացուցիչների՝ անհատների և կազմակերպությունների հետ, և խրախուսել, որպեսզի նրանք գործեն այս ոլորտներում: Ես նաև ուրախ եմ աշխատել բրիտանահայ համայնքի հետ՝ աջակցելու նրանց նախաձեռնություններին Հայաստանում: Օրինակ՝ Թեքեյան կենտրոնի հետ մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարողացանք հանգանակել ավելի քան 25 հազար ֆունտ ստերլինգ` Գյումրու Բայրոնի անվան դպրոցի ջեռուցման համակարգի վերակառուցման համար:
– Վերջերս ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Ձեր միջոցով դիմեց Մեծ Բրիտանիայի իշխանություններին` սիրիահայերին օգնություն տրամադրելու և սիրիահայերի համար նախատեսված թաղամասի ստեղծման հարցում ֆինանսավորում տալու վերաբերյալ: Փոխանցե՞լ եք, արդյոք, Մեծ Բրիտանիայի կառավարությանը հայկական կողմի առաջարկը, ինչպիսի՞ տրամադրվածություն կա եւ ի՞նչ ակնկալիքներ:
-Ես, իհարկե, խնդրանքը փոխանցել եմ: Մենք գիտակցում ենք, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է և ջանք է թափում սիրիահայերին համապատախան կացարանով և ապրելու պայմաններով ապահովելու համար: Բրիտանիայի կառավարությունն այժմ շեշտը դնում է փախստականների ճամբարներին հումանիտար օգնություն տրամադրելու վրա: Բայց հուսով եմ, որ մեր և Բրիտանիայի սփյուռքի ջանքերի շնորհիվ կկարողանանք տրամադրել աջակցություն հայաստանաբնակ սիրիահայերին:
-Դուք արդեն երկար ժամանակ եք Հայաստանում: Ի՞նչ նմանություններ եք նկատում հայերի և բրիտանացիների միջև: Մեր ազգին բնորոշ ո՞ր գծերն են Ձեզ դուր եկել:
-Ես դեռ ցնցված եմ հայկական հյուրընկալությամբ, այն գերազանցում է այն ամենը, ինչ տեսել եմ ՄԹ-ում: Հումորի զգացումը, ջերմությունը, անկեղծությունը՝ սրանք են այն հատկությունները, որ, հավանում եմ իմ հայ գործընկերների և ընկերների մեջ:
Հարցազրույցը` Ռոզա Գրիգորյանի