ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունը կողմ է սիրիական խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն իրադարձությունների անցանկալի զարգացման դեպքում կանի հնարավորը` սիրիահայերին ուժերի ներածին չափով օժանդակելու համար: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն` անդրադառնալով վերջին օրերին ակտիվացած խոսակցություններին Սիրիայի դեմ ԱՄՆ հնարավոր հարվածների մասին եւ դրա ֆոնին սիրիահայ փախստականների հոսքի հնարավոր ակտիվացման պարագայում Արցախի քայլերին: Բաբայանը նշեց, որ իրենք կողմ են խնդրի խաղաղ կարգավորմանը, քանի որ Սիրիայում նաեւ հայկական մեծ համայնք կա: «Բացի դրանից, ահագին մարդիկ ստիպված թողել են իրենց տները եւ մենք չենք ուզում, որ Սիրիան վերջնականապես զրկվի հայ բնակչությունից: Դրա համար կարծում ենք, որ ամենից ընդունելի տարբերակը, խաղաղ ճանապարհով հարցերի կարգավորումն է»,- նշեց Բաբայանը՝ հավելելով, որ անցանկալի սցենարի դեպքում Արցախը կօժանդակի սիրիահայերին: «Իսկ եթե վատ սցենարով զարգանա, իհարկե, կտեսնենք, ինչով կկարողանանք, այնքանով էլ կօգնենք, բնականաբար պարտավոր ենք մեր հայրենակիցներին օգնել»,- ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:
Սիրիայում իրավիճակը սրվել էր օգոստոսի 21-ին, երբ լրատվամիջոցները հայտնեցին Դամասկոսի արվարձաններում կառավարության զինված ուժերի կողմից քիմիական զենքի օգտագործման մասին: Նախնական տվյալներով, հարձակմանը զոհ է գնացել 600 մարդ: Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան հայտարարել է, թե զոհերի թիվը կարող է հասնել մինչեւ 1300-ի: Միջադեպից հետո կողմերը ոչ մեկ անգամ հայտարարեցին զենքի կիրառմանն իրենց չմասնակցելու մասին` միմյանց մեղադրելով դրանում: ԱՄՆ-ը մեծացրել է Սիրիայի շուրջ ռազմական ներկայությունը՝ ակտիվացնելով ռազմական միջամտության սցենարի քննարկումները: Սիրիայի կառավարությունը օգոստոսի 25-ին թույլատրել է ՄԱԿ-ի փորձագետներին այցելել քիմիական հարձակման հնարավոր վայրերը: