
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում այժմ եղանակն արդեն անձրեւային է եւ էապես ցրտել է, սակայն ջեռուցման հնարավորություն գրեթե չկա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ վառելանյութ շատ դժվար է հայթայթել, իսկ էլեկտրականությամբ ջեռուցելն անհուսալի է, քանի որ այն հաճախակի է ընդհատվում: «Մարդիկ կփորձեն հագուստներով տաքանալ»,- ընդգծեց Ռեյիսյանը` միեւնույն ժամանակ լավատեսորեն տրամադրվելով, որ կկարողանան հաղթահարել բոլոր դժվարությունները:
Մամուլի քարտուղարը նաեւ նշեց, որ բջջային կապը եւս կանոնավոր չի գործում:
Արամ Մանուկյան հայկական ակումբի մոտ, Ռեյիսյանի տեղեկացմամբ, դեկտեմբերի 3-ին մի քանի ռումբեր են ընկել, սակայն վնասները միայն նյութական են: Քաղաքում ընդհանուր առմամբ մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, մերթ ընդ մերթ լսելի են կրակոցների եւ պայթյունների ձայներ, որոնք հիմնականում հեռու են հայաշատ շրջաններից, սակայն երբեմն ռումբերը պայթյում են նաեւ հայկական թաղամասերում:
Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ: