ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ ռումբերի պայթյունից վիրավորված Թորոս Սարգսյանն ու Րաֆֆի Ջաբուրյանը կազդուրվում են: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Դամասկոսում բնակվող մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանը: «Թորոս Սարգսյանն արդեն տանն է, իսկ Րաֆֆի Ջաբուրյանի վիճակը վիրահատությունից հետո կայունացել է»,-ասաց նա: Նազարեթ Էլմաջյանի տեղեկացմամբ` Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը Սուրբ Սարգիս եկեղեցու ռմբակոծությունից հետո Լիբանանից անմիջապես եկել է եկեղեցի ու մոմերի լույսի ներքո աղոթել վիրավորների առողջության և մահացածի հոգու հանգստյան համար:
Օգոստոսի 26-ին Դամասկոսի Սբ Սարգիս եկեղեցու հրթիռակոծումից վիրավորներին օգնելիս մահացել է 46-ամյա Հակոբ Սարգսյանը, վիրավորվել էին Թորոս Սարգսյանն ու Րաֆֆի Ջաբուրյանը: Ժիրայր Թոփալյանն էլ վիրավորվել էր Տուելա շրջանում ընկած ռումբի պայթյունի հետևանքով: Պայթյունների հետևանքով, բացի եկեղեցուց, մասնակի վնասվել են նաև նրան կից գործող Ազգային Սրբոց Թարգմանչաց ճեմարանի պատերը:
Սիրիայում ավելի քան երկու տարի տեւող բախումների հետեւանքով ավելի քան 100 հազար մարդ է զոհվել, նրանց թվում մոտ վեց տասնյակի հասնող հայեր են: