ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Սբ Սարգիս եկեղեցու ռմբակոծումից մահացել է մեկ և վիրավորվել երեք հայ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց դամասկոսաբնակ Նազարեթ Էլմաջյանը: Նրա խոսքերով` ռումբերի պայթյունից վիրավորներին օգնություն ցուցաբերելիս մահացել է 46-ամյա Հակոբ Սարգսյանը, իսկ Ժիրայր Թոփալյանը, Թորոս Սարգսյանն ու Րաֆֆի Ջաբուրյանը վիրավորվել են: «Րաֆֆի Ջաբուրյանը ծանր վիրավոր է եւ մի քանի ժամ կենաց ու մահու պայքար է մղում»,-ասաց Նազարեթ Էլմաջյանը:

Օրերս Դամասկոսի մերձակա Այն Թերմ, Ջուբար և Զամալք ավանները հրթիռակոծվել են «զարին» նյարդապարալիտիկ գազի կիրառմամբ, ինչի հետևանքով մի քանի հարյուր զոհ կա: Իսկ Ալ Քասսա թաղամասի վրա ընդդիմադիր զինյալների կողմից ուղղված տասնյակ ռումբերի պայթյուններից վիրավորվել էին երկու հայեր` մայր և որդի Միրնա և Նազարեթ Թորոսյանները: