ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում պայթյունների հետևանքով վիրավորվել է հայ երիտասարդ: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 24-ի երեկոյան Քասսայի Պուրժ Ռուս թաղամասում մեքենայի պայթյունի հետեւանքով, որը մեկ մարդու մահվան եւ բազմաթիվ մարդկանց վիրավորվելու պատճառ է դարձել, նյութական մեծ վնաս է հասցվել թաղամասին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթը:

Անցնող շաբաթվա ընթացքում սիրիական բանակի միավորները Դամասկոսի Ժոպար, Ըրպին, Զամալքա, Տարեա և Մուատամիե արվարձաններում իրականացրել են ռազմական գործողություններ` զինյալ խմբավորումների կենտրոնները կործանելու համար: Պաշտոնական աղբյուրները հաստատում են, որ բազաթիվ զինյալներ սպանվել են, իսկ կենտրոնները` կործանվել: Ծանր մարտեր են ընթացել նաև մայրաքաղաքի արևելյան ծայրամասի տարածքներում: Նշյալ տարածքները ենթարկվել են հրթիռակոծման. այնտեղ ապրում և աշխատում են բազմաթիվ հայ ընտանիքներ:

Օրերս Դամասկոսի մերձակա Այն Թերմ, Ջուբար և Զամալք ավանները հրթիռակոծվել են «զարին» նյարդապարալիտիկ գազի կիրառմամբ, ինչի հետևանով մի քանի հարյուր զոհ կա: Իսկ Ալ Քասսա թաղամասի վրա ընդդիմադիր զինյալների կողմից ուղղված տասնյակ ռումբերի պայթյուններից վիրավորվել էին երկու հայեր` մայր և որդի Միրնա և Նազարեթ Թորոսյանները:

Անի Նազարյան