ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպահայ Ջոզեֆին Մանգասարյանի «Դիարբեքիրի արտագաղթը» հուշագրությունում ներկայացվում է Հայոց ցեղասպանությունը վերապրած երեք ընտանիքների պատմություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Armenian Mirror Spectator անգլալեզու պարբերականը, ապրիլին հրատարակված հուշագրությունը Ամասյանների, Կուրկգիսների և Մանգասարյանների ընտանեկան պատմությունից բացի ներառում է նաև 1895-1927 թվականների ողբերգական իրադարձություններն արտացոլող մի շարք հազվագյուտ լուսանկարներ:

«Ընտանեկան այս հուշագրությունում նկարագրված բոլոր իրադարձությունները ճշմարիտ են: Դրանց մասին ինձ պատմել են Հալեպի մեր տանն ապաստանած վերապրածները»,- պատմելով տվյալների հավաքման մասին` նշել է հեղինակը:

Ցեղասպանության և տեղահանումների ժամանակ Ջոզեֆին Մանգասարյանի ընտանիքը գտնվում էր Հալեպում, և ինքն ականատեսն է եղել` ինչպես են ապաստան գտնելու հույսով իրենց անհամար բարեկամներից գաղթում Հալեպ: «Կար ժամանակ, երբ 20 մարդ էր բնակվում իմ հայրական տանը, որոնցից շատերը փախել էին կոտորածներից»,- նշում է նա:

Հեղինակի հոր` Աշոտ Ամասյանի հեռագրատան տնօրենի պաշտոնը հնարավորություն է տվել մուտք ունենալ զանգվածային սպանություններն ապացուցող գաղտնի հաղորդագրությունների շտեմարաններ, որոնց մեծ մասը հաստատվել էին ականատեսների կողմից:

«Դիարբեքիրի արտագաղթ» գիրքը Մանգասարյանը սկսել է գրել ութսուն տարեկանն անց հասակում: Առաջին 270 էջերը գրվել են ձեռագիր: Հեղինակը մահացել է 2002 թվականին` նախքան կհասցներ գրեր Բաղդադում անցկացրած երեսունհինգ տարիների մասին: Ջոզեֆինի մահից հետո նյութերի հավաքման և գրքի խմբագրման աշխատանքները շարունակել է որդին` Ջոն Մանգասարյանը, ապա հարազատներից` Քլեր Մանգասարյանը:

«Ի տարբերություն Ցեղասպանության մասին գրված բազմաթիվ հուշագրությունների` («Դիարբեքիրի արտագաղթը») ցույց է տալիս երիտասարդ հայ կնոջ առօրյա կյանքն ու դրությունը և այդ անհանգիստ ժամանակներում այդ ընտանիքների վերապրածն ու վերաբնակեցման պատմությունը»,- նշել է Քլեր Մանգասրայանը: