ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկայում կմեկնարկեն Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի շինարարական աշխատանքների նյութական միջոցների հավաքագրման աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օգոստոսի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ սիրիահայերի համար Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի հիմնադրման աշխատանքները համակարգող հանձնախմբի նիստ, որի ընթացքում ՀՀ կառավարությանն առնթեր ճարտարապետական կոմիտեի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության, Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագետների համահայկական ասոցիացիայի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին ծրագրի իրականացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների ընթացքի հետ կապված հարցեր:

«Այսօր մենք քննարկելու ենք «Նոր հալեպ» թաղամասի գլխավոր հատակագիծը, որից հետո կհամակարգվեն այս աշխատանքները: Պետք է աջակցենք, օգնենք եւ արագացնենք շինարարությանը»,- ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա տեղեկացմամբ` գնալով ավելանում է դիմող ընտանիքների թիվը, նրանք արդեն 328 են:

«Մենք պետք է հավելյալ քանակով բնակարաններ նախագծենք, որովհետեւ գնալով դիմողների թիվն ավելանում է»,- նկատեց նախարարը:

ԵՊՃՇՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Տիգրան Բարսեղյանը նշեց, որ նախորդ հանդիպմանը որոշում է կայացվել կառուցապատում իրականացնել Աշտարակում հատկացված 4,8 հա հողատարածում: «Աշտարակում տեղակայված քաղաքատիպ թաղամասը չորս հինգ հարկանի բնակելի շենքեր կունենա»,- ասաց Բարսեղյանը: Նրա խոսքով` նոր թաղամասում հաշվի է առնվելու կառուցապատման համար անհրաժեշտ շուկայական ողջ պահանջարկը: Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագետների համահայկական ասոցիացիայի ղեկավար Վահե Թութունջյանի խոսքով բնակելի թաղամասն իր տեսակի շատ հետաքրքիր է:

«Մեր նպատակն է, որ համագործակցության եւ փորձի փոխանակում ստեղծվի Հայաստանի եւ արտասահմանի մասնագետների միջեւ»,- ասաց Թութունջյանը` հավելելով, որ հենց այս նախագծի շինարարարական աշխատանքում կարող է շատ լավ երեւալ համագործակցության դրական կողմը: Թութունջյանի հետ միասին հանդիպմանը ներկա էր նաեւ նրա կինը` մասնագիտությամբ նույնպես ճարտարապետ Գոհար Թութունջյանը, ում ներդրումը Հայաստանում ճարտարապետության զարգացման ուղղությամբ, Սփյուռքի նախարարի գնահատմամբ, մեծ է:

Տեխնիկական գիտությունների դոկտոր Միքայել Համամջյանը ներկայացրեց շինարարական աշխատանքների իրականացման նյութերի մանրամասները:

Կառավարությանը կից ճարտարպետության պետական կոմիտենի նախագահ, Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշեց, որ դեռեւս լիարժեք չի ուսումնասիրել նախագիծը, սակայն այն ինչ ներկայացված է, շատ պրոֆեսիոնալ է եւ ընդունելի ճարտարապետության մեջ: «Կյանքի ուղեգիր ստացող նախագիծ է»,- ասաց նա:

Համակարգող հանձնախմբի նիստի ավարտին Հրանուշ Հակոբյանը հոդորեց Նարեկ Սարգսյանին մեկ շաբաթ ժամկետում հստակեցնել նախագծի հաստատման մանրամասները, իրականացնել մասնագիտական քննարկումներ: Իսկ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին նախարարը հորդորեց առավել ակտիվ լուսաբանել թեման, քանի որ թաղամասի շինարարական աշխատանքների իրականացման համար յուրաքանչյուր նվիրատվություն կարեւոր է: