JirayrԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի որոշ թաղամասերում բախումները կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ թեպետ շարունակվում են, սակայն հայաշատ թաղամասերում իրավիճակը հանգիստ է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Հալեպում տիրող լարված իրավիճակը փոքր-ինչ հանդարտվել է, զգալիորեն քչացել են պայթյունները եւ կրակոցները: Ռեյիսյանի խոսքով` պայքարը զինյալների դեմ թեժացել է առավելապես թուրք-սիրիական սահմանին, մասնավորապես` Ռաս ալ Այն քաղաքում, որտեղ կառավարական ուժերը փորձում են հետ մղել զինված խմբավորումներին:

Արաբական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ արդեն երրորդ օրն է սիրիական ռազմական օդանավերը ռմբակոծում են Ռաս ալ Այն քաղաքը` փորձելով վերահսկողություն հաստատել այնտեղ:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Դամասկոս-Հալեպ տանող ճանապարհին զինյալները հարձակվել են երեք բեռնատար մեքենաների վրա, ծեծել են վարորդներին, ապա թալանել մեքենաները: Հայտնի է, որ բեռնատարների մեջ 15 տոննա տարողությամբ մարդասիրական օգնություն է եղել. սնունդ, դեղորայք եւ այլ ապրանքներ: Բեռնատարներից երկուսն ուղեւորվում էր Հալեպ, իսկ երրորդը` Իդլեբ:

Սիրիայում շուրջ 20 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր: