ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դամասկոսի Ժարամանա արվարձանի Սիուֆ հրապարակի մոտ օգոստոսի 6-ին ականված մեքենայի պայթյունի հետեւանքով հայ է զոհվել։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտեց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, անհայտ դիակների մեջ քննությունից հետո պարզ է դարձել, որ զոհվածների մեջ է կա մի հայ՝ 1966 թվականին ծնված Սարգիս Մերեսջյանը, որը գտնվում էր պայթյունի վայրը հրկիզված ավտոբուսում։ Թաղման արարողությունը տեղի կունենա հայկական Ս. Սարգիս եկեղեցիում։

Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանություն կազմակերպության տվյալներով` Սիրիայում 16 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 17 հազար 192 մարդ: Համաձայն արաբական լրատվամիջոցների`զոհվածների մեջ 11 հազար 897-ը խաղաղ քաղաքացիներ են, իսկ 4348-ն` անվտանգության աշխատակիցներ: Զոհերի թվում են նաեւ 6 հայ, որոնցից 2-ը սիրիական բանակի զինծառայողներ են եղել: Սիրիայում տիրող անկարգությունների հետևանքով մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը` հայտնվելով այլ երկրներում փախստականի կարգավճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայից դիմումները քննվում են արագացված ընթացակարգով` տասն օրվա ընթացքում: