ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են Հալեպից Երեւան ճանապարհին առեւանգված հայ տղամարդկանց անունները: Նրանք չորսն են՝ Գարեգին Հացագործյան, Գարո Բաբողլյան, Նարեկ Վարժապետյան, Սաքո Ասատուրյան: Առեւանգված հինգերորդ տղամարդն ավտոբուսի վարորդն է, ով հայ չէ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից Զարմիկ Պողիկյանը, ավտուբուսում գտնվող երեք հայ կանայք տարվել են Թուրքիա. նրանք Քիլիսի նահանգում մի պանդոկում են:

Հալեպից Երեւան ճանապարհված ավտոբուսը Սիրիա-Թուրքիա սահմանին կանգ է առել զինյալ խմբավորման պարտադրանքով:

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում արդեն երկու տարի շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 100 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: Բազմաթիվ հայեր առեւանգվել, սակայն ազատ են արձակվել. նրանց համար երբեմն փրկագին է վճարվել: Այս դեպքում, սակայն, դեռեւս տեղեկություններ չկան փրկագին պահանջելու մասին: