ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպից Բեյրութ ուղևորվող ավտոբուսի վրա զինյալ հարձակումից զոհվել է մեկ հայ կին, վիրավորվել են 15-ը: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից Զարմիկ Պողիկյանը, հարձակման ենթարկված ավտոբուսի մոտ ռումբ է պայթեցվել, որին հաջորդել է հրաձգությունը, ինչն էլ խլել է վարորդի և 4 ճամփորդների կյանքը, որոնցից մեկը եղել է երկու երեխաների մայր հալեպահայ Թամար Սրուրյանը: «Այս պահի տվյալներով` 15 հայ վիրավորները տեղափոխվել են Հալեպի «Ալթունյան», «Ալ Ռազի» և պետական համալսարանի հիվանդանոցները: Մեծամասամբ հայ ուղևորներ տեղափոխող ավտոբուսը վերադարձել է Հալեպ»,-նշեց Զարմիկ Պողիկյանը:
Դեպքը պատահել է Հալեպի մուտքի մոտ` Խանասեր շրջանում, որտեղ օրեր շարունակ բուռն բախումներ են տեղի ունեցել սիրիական բանակի և զինյալ ընդդիմադիրների միջև: Հալեպի շրջափակման պատճառով Հալեպ-Բեյրութ մայրուղին փակ էր ամիսներ շարունակ, վերջերս, սակայն, շրջափակումը ճեղքվել էր, և երթևեկության համար բացվել էր ճանապարհ, որի միջոցով հնարավորություն էր ստեղծվել ճամփորդության և դեպի Հալեպ սննդամթերք տեղափոխելու համար:
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը տեղեկացրել էր, որ զինյալ խմբավորումների կողմից Հալեպից 30 կմ հեռավորության վրա հուլիսի 23-ին գնդակոծվել են Հալեպ-Բեյրութ ուղեւորվող երկու ավտոբուսներ:
Սիրիայում ավելի քան երկու տարի շարունակվող բախումների հետեւանքով, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ է զոհվել, այդ թվում՝ մոտ հինգ տասնյակ հայեր: Փախստականների թիվը 1,5 միլիոն է: