kantsasar.com – Վերջերս լրացաւ Մարտակերտի յաղթանակի քսան տարին: Յաղթանակ, որը ոչ միայն ազատագըրեց մեր հողը, ոչ միայն ճանապարհ բացեց դէպի Ստեփանակերտ, այլ Շահումեանի, Դրմբոնի, Չլդրանի եւ հէնց Մարտակերտի պարտութիւնից յետոյ դարձաւ վերածնունդի, վերազարթօնքի եւ պայքարող ժողովրդի կամքը հաստատող ու ամրապնդող ուղեցոյց հետագայ պայքարի ու յաղթանակների համար:
1992-ին երբ երկու օրում ընկաւ Շահումեանը, թշնամին կարողացաւ գրաւել գրեթէ ողջ Մարտակերտի շրջանը, երբ Շուշի-Լաչին-Գորիս ճանապարհում խուճապահար գաղթն էր, երբ նահանջող մեր մարտիկները պարտութեան ճնշիչ հոգեբանութեամբ տարուած` աւելի մտահոգուած էին իրենց գաղթող ընտանիքների ապահովութեամբ, երբ թշնամին արդէն Ստեփանակերտ տանող մայրուղուն էր մօտեցել, յանկարծ հրաշքի պէս ժայթքեց մեր մարտիկների իրենց հողին կապուած ներքին դարաւոր բնազդը եւ 1993 Փետրուարին պոռթկաց մեր հակայարձակումը, որը նպաստեց մեր յաղթանակին:
«Գիշերային այդ պահին, երբ առաջ գնացող ռազմաճակատի գծի երկայնքով հողը ցնցւում էր հրետանային հարուածներից եւ արկերի հրաշէկ բեկորները հալուած լճակների էին վերածում գետինը պատող սառոյցը, պայթիւնների ցոլքերի տակ միմեանց նայելով բոլորս ակամայ յանգեցինք մի խորը ընդհանրացման` ովքեր ողջ կը մնան, պէտք է ապրեն եւ մեր հայրենիքի վերաշինութեանը ծառայեն նաեւ մեր զոհուած ընկերների փոխարէն», այսպէս է նկարագրում այդ պահը բանասիրական գիտութիւնների տոքթոր, Մ. Աբեղեանի գրականութեան հիմնարկի փոխտնօրէն` Վարդան Դեւրիկեանը, որը թողած գրականութիւն եւ ուսումնասիրութիւն` նետուել էր հայրենիքի պաշտպանութեանը ծառայելուն:
Այսօր 20 տարիների ձգուող տարածքում հետաքրքիր է կարդալ այդ նոյն մարտերի մանրամասների մասին իր` մասնակից զինուորի կողմից դիտուած ու վերլուծուած: Մասնակից, որն իր հայրենանուէր ծառայութեան համար արժանացել է Հայաստանի Մարտական խաչի երկրորդ աստիճանի շքանշանին: Իր անկեղծ ու խորը վերլուծուած յօդուածը կրում է ՄԱՐՏԱԿԵՐՏ-ՔՍԱՆ ՏԱՐԻ ԱՆՑ ՊԱՐՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԵՒ ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ խորագիրը:
Մարի Ռոզ Աբուսէֆեան