panarmenian.net – Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրավերով կայացավ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան ՝ Տրայան Հրիսթայի հետ հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և ՀՀ ՍՆ սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող աշխատանքային խմբի անդամներ:
Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի հիմնադրման ծրագիրը, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի համաձայն՝ արդեն մեկնարկել է և դրա վերաբերյալ ընդունվել է ՀՀ կառավարության որոշումը: Թաղամասը կառուցվում է ՀՀ մշտական բնակության տեղափոխված սիրիահայերի համար: Ծրագիրն իրականացվելու է պետության, հովանավորների, բարերարների աջակցությամբ:
Հրանուշ Հակոբյանը Տրայան Հրիսթային հանձնեց նաև տեղեկանք սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, առկա հիմնախնդիրների և դրանց լուծման մեխանիզմների վերաբերյալ, ինչպես նաև՝ աջակցության խնդրանքով գրություն:
Նախարարը անդրադարձավ նաև Սիրիայում և հատկապես Հալեպում տիրող ճգնաժամային իրավիճակն է: Երկրի երբեմնի տնտեսական մայրաքաղաքը մոտ 10 օր գտնվում է շրջափակման մեջ և հոսանքազրկված, որի հետևանքով առաջացել է սննդամթերքի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի սուր պակաս: Քաղաքի բնակիչները կարող են մատնվել սովի: Ուստի վտանգված է քաղաքացիների, այդ թվում հայության ֆիզիկական գոյությունը:
Նախարարը դիմեց Տրայան Հրիսթային՝ խնդրելով բարձրացնել Հալեպի շրջափակման վերացման, երկրում կայունության հաստատման հարցերը, ինչպես նաև՝ մարդասիրական օգնությունը Սիրիայի խաղաղ բնակչությանը հասցնելու անհրաժետությունը Եվրոպական Միության անդամ երկրների և միջազգային կառույցների առջև: ԵՄ պատվիրակության ղեկավարը պատրատակամություն հայտնեց նշված խնդիրները բարձրաձայնել համապատասխան մարմիններում: