armweeklynews.am – Միթե դա արժանավայել քանակի ու տոկոսադրույքի վարկ է, որ տալիս եք սիրիահայերին
ՀՀ կառավարությունը նպատակ ունի և պատրաստվում է հուլիսի 18-ի իր հերթական նիստում կառավարության պահուստային ֆոնդից 200 մլն դրամ պետական վարկ հատկացնել Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամին ` դրամագլխի համալրման նպատակով:
Վարկը կհատկացվի 1 տարի ժամանակով և 0.1% տոկոսադրույքով: Այդ միջոցները ՓՄՁ ԶԱԿ- ն ուղղելու է սկսնակ գործարարների աջակցության նպատակով բանկային երաշխիքների հատկացմանը:
Մինչդեռ իրական կյանքում պետական բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց գործող բիզնեսին զուգահեռ նոր ֆիրմա են գրանցում և որպես “սկսնակ’’ բանկային երաշխիքներ ստանում: Սակայն այս անգամ մեզ սիրիահայերի հարցն է մտահոգում: Ինչպես պաշտոնապես հայտարարվել է , 2013 թվականի հինգ ամիսների ընթացքում ՓՄՁ ԶԱԿ- ն 31 սկսնակ գործարար սիրիահայերի (ուշադրություն դարձրեք “սկսնակ” բառի վրա, ինչպես կարող է Հայաստանում որևէ սիրիահայ սկսնակ գործարար չլինել) տրամադրել է 137 մլն դրամի բանկային երաշխավորություններ: Այսինքն յուրաքանչյուր սիրիահայ ստացել է միջինացված 4.4 մլն դրամ բանկային երաշխիք:
Առաջին հայացքից վատ արդյունք չէ: Սակայն սիրիահայերի պարագայում սա արժանավայել մոտեցում չէ: Ինչու սիրիահայերին մղենք դեպի բանկերի “ագահ’’ երախը, ուր նրանք տարեկան 14-ից 18 տոկոս վարկ են ստանում, թեև բանկերը “վայելում ‘’ են նաև ՓՄՁ ԶԱԿ-ի էժան երաշխավորությունը:
Իսկ հնարավոր չէր, բացառության կարգով, պետությունից վերցրած այդ 0.1 տոկոսադրույքով էժան վարկային միջոցները տրամադրել սկսնակ սիրիահայ գործարարներին գոնե տարեկան 5 տոկոսով: Այս պարագայում կարելի էր փաստել, որ պետությունն իրապես և շոշափելի ձևով օգնել է սիրիահայ սկսնակ գործարարներին:
Թե գայթակղիչ և հեշտ է էժան վարկային միջոցը տալ բանկերին և դա ներկայացնել որպես աջակցություն սկսնակ, բայց միամիտ գործարարներին:
Գուցե վաշխառուական ձիրքը խանգարում է միանգամից էժան վարկային դրամը հատկացնել սիրիահայերին: