ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ամփոփվել են սիրիահայերին ուղղված մի շարք ծրագրեր: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարությունից, Հայաստանի Կենտրոնական բանկի անձնակազմի կառավարման վարչության պետ Գայանե Խաչատրյանը ներկայացրեց Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից իրականացված` սիրիահայ հաշվապահների և տնտեսագետների վերապատրաստման դասընթացների ամփոփման արդյունքները: Զեկուցողը մասնավորապես նշեց, որ դասընթացներին մասնակցած սիրիահայ երիտասարդները բանկի կողմից ստացել են հավաստագրեր, ինչը հնարավորություն է տվել նրանց աշխատանք գտնել:

Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդ Ռաֆայել արք. Մինասյանն ամփոփեց Հայ Կաթողիկե եկեղեցու և «Հայկական կարիտաս» բարեսիրական կազմակերպության իրականացրած աշխատանքները: Կազմակերպությունը պատսպարել է սիրիահայերի 87 ընտանիք և հոգում է նրանց կեցության, սննդի, կրթության, աշխատանքի տեղավորման և այլ հարցեր:

«Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը հանձնաժողովին տեղեկացրեց «Օգնիր եղրորդ» հիմնադրամի իրականացրած ծրագրերի մասին, նշեց, որ մարդասիրական օգնության կազմակերպումը նպաստեց սիրահայերին աջակցելու գաղափարի շուրջ ազգային համախմբմանը:

Սիրիահայ երիտասարդների ամառային հանգստի կազմակերպման մասին զեկուցեց ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լուսինե Ստեփանյանը: Նա նշեց, որ տարբեր կազմակերպությունների և գերատեսչությունների բարեգործական ներդրումների շնորհիվ Վանաձորի, Գուգարքի և Լոռու մարզերի ճամբարներում արդեն հանգստացել է 9-12 տարեկան ավելի քան 200 սիրիահայ պատանի և ևս 400-ը կհանգստանա:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` ամփոփելով նիստում հնչած առաջարկություններն ու կարծիքները, նախ շնորհակալություն հայտնեց Հայ Կաթողիկե եկեղեցու ներկայացուցչին և «Օգնիր եղբորդ» հիմնադրամին` սիրիահայերին ցուցաբերած աջակցության և ակտիվ աշխատանքի համար: Նախարարը կարևորեց արաբախոս սիրիահայերի լեզվի, կրթության, աշխատանքի և բնակության հարցերը, ինչպես նաև, սիրիահայերի առնչությամբ արդեն ընդունված որոշումների ժամկետների երկարացման խնդիրը: