lragir.am – Վերջին ամիսներին ամեն ամիս Հայաստան է գալիս 350-400 սիրիահայ: Սփյուռքի նախարարության սիրահայերի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը Lragir.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե Երևանի ու Հալեպի միջև օդանային ճանապարհով կանոնավոր փոխադրումներ իրականացվեին, Հայաստան եկող սիրահայերի թիվն ավելի մեծ կլիներ:
Մարտ ամսից սկսած ամսական 350-400 սիրիահայ Հայաստան է գալիս ցամաքային ճանապարհով: Ֆիրդուս Զաքարյանի խոսքով` միայն նախորդ ամիս Հալեպից Երևան երեք չվերթ է իրականացվել, որով Հայաստան է եկել 200 սիրիահայ:
Սիրիահայերի գերխնդիրը, Զաքարյանի խոսքով, բնակարանով ապահովման հարցն է: Նա նշեց, որ եթե 6-8 ամիս առաջ գլխավոր խնդիրը աշխատատեղերի հարցն էր, ապա այսօր ինքնակազմակերպման գործընթաց է տեղի ունենում, և Հայաստանում արդեն աշխատատեղով ապահովված սիրահայերը իրենց հարազատների աշխատատեղի հարցն էլ են լուծում:
«Հիմա հրատապ խնդրը վարձով բնակարանների ձեռք բերման և ընդհանրապես բնակարաններով ապահովման խնդիրն է: Քննարկվում է սիրիահայերի համար մատչելի եղանակով բնակարանաշինության ծրագիրը: Աշտարակում Նոր Հալեպ թաղամասի կառուցման աշխատանքներն են սկսվում»,- ասաց Ֆիրդուս Զաքարյանը:
Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով լիբանանահայ մի քանի ընտանիքներ են արդեն տեղափոխվել Հայաստան: Ֆիրդուս Զաքարյանը խուսափեց լիբանանհայերի խնդրի մասին ավելի մանրամասն խոսել` նշելով, որ նրանց հոսքը մեծ չէ, բայց արդեն կան Հայաստան տեղափոխվողներ: