«Իմ ունեցած տեղեկություններով Քեսաբ-Թուրքիա սահմանային անցակետն առայժմ փակվել է: Տեղական լրատվամիջոցներից ես իմացել եմ, որ անցակետը առայժմ փակ է լինելու»,-ասաց Ռեյիսյանը` հավելելով, որ պատճառների մասին չի հաղորդվում, բայց կարծում է, որ սահմանը փակվել է անվտանգության նկատառումներից ելնելով:
Նա նաև հայտնեց, որ չի նշվում, թե Քեսաբ-Թուրքիա սահմանային անցակետը երբ է վերաբացվելու:
Այս անցակետը Թուրքիայի հետ վերջին ցամաքային ճանապարհն էր, որը պետական հսկողության տակ էր: Սահմանի փակմումից հետո Հայաստան – Թուրքիա – Սիրիա ցամաքային ճանապարհը հնարավոր չի լինի օգտագործել, որովհետեւ մինչեւ հինգ տարի բանտարկություն է նախատեսված սահմանը ապօրինի հատողների համար: Սիրիա- Հայաստան օդային հաղորդակցությունը ևս կաթվածահար է:
Հայաշատ Հալեպի ցամաքային ճանապարհները վտանգավոր են քաղաքից դուրս գալու համար, իսկ օդանավակայանը փակ է: Օդանավակայանի մոտակայքում կառավարական ուժերը ցանկանում են վերահսկողություն հաստատել, սակայն ընդդիմադիրներն արդեն իսկ գրավել են մի քանի շրջաններ: Դեպի Հալեպ չվերթների դադարեցումից հետո «Սիրիական ավիաուղիներ» ընկերությունն իրականացնում էր Դամասկոս-Լաթաքիա-Երևան չվերթներ, որոնք եւս անժամկետ դադարեցվել էին: Անժամկետ դադարեցվել են նաև Դամասկոս-Ղամիշլի-Երևան չվերթները:
