panarmenian.net – Սիրիայում տեղի ունեցող դեպքերը պատճառ դարձան, որպեսզի սիրիահայերի զգալի մասը կամա թե ակամա հեռանա երկրից: «Եռագոյն» կայքի ունեցած տվյալների համաձայն՝ համայքը նոսրացել է 17-18.000-ով: Հեռացողների ստվար զանգվածը ապաստան է գտել Հայաստանում և Լիբանանում, որտեղ սպասում են իրավիճակի բարելավմանը՝ հույս ունենալով, որ կվերադառնան Սիրիա:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյան «Եռագոյն» հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ «այժմ Հայաստանում ապրում է մոտ 8000 սիրիահայ, երկու տարվա ընթացում Հայաստան է եկել մոտ 13.000 սիրիահայ, այստեղ է մնացել 8000-ը, իսկ մնացածը կամ վերադարձել են կամ գնացել այլ երկրներ»։
Հայաստանից Սիրիա է վերադարձել մոտ 3000 սիրիահայ, մոտ 2000-ն էլ մեկնել է Եվրոպայի տարբեր երկրներ, սակայն Հայաստան մնացածների մեջ կան սիրիահայեր, ովքեր սպասում են իրավիճակի բարելավմանը և Սիրիա վերադառնալուն: Կան նաև Եվրոպայի վիզայի սպասողներ:
Կայքի աղբյուրի տվյալների համաձայն՝ Լիբանանում հաստատվել է մոտ 800 սիրիահայ ընտանիք, իսկ Սիրիայից Եվրոպա ու այլ երկրների տեղափոխված հայերի թիվը հասնում է մոտ 2000-ի:
Հալեպ քաղաքը շրջափակված է, եթե շրջափակում չլիներ, ապա հավանական էր, որ հայերի հոսքը այլ երկրներ կշարունակվեր:
Ըստ «Եռագոյն»-ի ունեցած տվյալների՝ բազմաթիվ ընտանիքներ սպասում են ճանապարհների բացմանը, որպեսզի թեկուզ ժամանակավոր տեղափոխվեն Հայաստան: Ղամշլիի հայկական համայքից նույնպես արտագաղթում են. այնտեղ երբեմն-երբեմն գործում է Ղամշլի-Երևան չվերթը: