news.am – Հայաստանում Գերմանիայի դեսպանության եւ «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի միջեւ 20.000 եվրո գումարի չափով առաջին համատեղ նախագծից հետո Գերմանիայի կառավարությունը եւս 30.000 եվրո գումար է հատկացրել սիրիացի փախստականներին տրամադրվող մարդասիրական օգնության ծրագրերին:

Գերմանիայի դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ պետության կողմից իրականացվող միջոցառումներին զուգահեռ՝ «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունը, որը համագործակցում է ՄԱԿ ՓԳՀ-ի (UNHCR) հետ, օգնում է սիրիացի փախստականներին կենսական անհրաժեշտության պարագաներով` հագուստ, կենցաղային իրեր, հիգիենիկ պարագաներ: Բացի այդ` «Առաքելություն Հայաստան» կազմակերպության աշխատակիցները դյուրացնում են սիրիացի փախստականների` առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունները եւ ապահովում նրանց անհրաժեշտ խորհրդատվությամբ:

Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները շատ սիրիացիների ստիպեցին ժամանակավորապես լքել իրենց հայրենիքը: Մի քանի հազար փախստականներ ապաստան գտան Հայաստանում: Նրանց վիճակը շարունակում է մնալ դժվարին, ոմանք զուրկ են անգամ տարրական կենսական պայմաններից եւ շարունակական աջակցության եւ համերաշխության խիստ կարիք կա: