panorama.am – 20-ամյա Նարեգ Ազելյանը Հալեպից Երևան եկած սիրիահայերից մեկն է: Ուսումը շարունակում է պոլիտեխնիկում: Չի փոշմանել, որ Հայաստան է եկել, հույսն էլ չի կորցնում, որ մի օր Սիրիա է վերադառնալու:
Ուսման զուգահեռ պետք էր աշխատել:
«Մտածում էի, որ պետք է աշխատեմ: Ժամերը հարմար չէին: Այստեղ երկար ժամակով են աշխատում, ասենք` առավոտից իրիկուն: Մտածեցի ավտո առնեմ, տաքսի վարեմ: Տեղացիներն ասացին, կարող եմ, քաղաքը լավ գիտեմ»,-Panorama.am-ին պատմում է Նարեգը:
Նա հենց այդպես էլ անում է: Հիմա Երևանում տաքսի է վարում:
«Երբ ճանապարհը չեմ իմանում, հարցնում եմ, ո՞նց գնամ, ինձ օգնում են»,-ասում է երիտասարդը:
Պատմում է, որ հայաստանցիներն իմանում են` Սիրայից է եկել, զարմանում են, թե ինչու է Հայաստան եկել, կարող էր եվրոպական երկիր գնալ, կամ Ամերիկա:
«Ես էլ պատասխանում եմ: Սա իմ հայրենիքն է, ես հայ եմ, այնտեղ հայ եմ ծնվել ու հայ եմ մեծացել, ու կնախընտրեմ անշուշտ Հայաստան մնալ»:
Ասում է` հուզվում է, երբ Երևանում սիրիական համարանիշներով ավտոմեքենաներ է տեսնում:
«Իմ երկիրը շատ էի սիրում: Հուսով եմ, որ մի օր անպայման հետ կվերդառնամ»,-նշում է երիտասարդը: