ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ հունիսի 6-ին կայացել է սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկայացրել է սիրիահայ դպրոցահասակ երեխաների կրթության կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքները: Մասնավորապես անդրադարձել է սիրիակսն կրթական ծրագրով գործող Կիլիկյան վարժարանում ուսուցման գործընթացի անցկացման և հաջորդ ուսումնական տարվա կրթական ծրագրի կազմակերպման հարցերին: Քննարկման ընթացքում առաջարկություններ են եղել վարժարանում առանձին առարկաների դասավանդումը կազմակերպել արևելահայերեն դասագրքերով՝ միաժամանակ հստակեցնելով Կիլիկյան վարժարանի կարգավիճակը, հաջորդ ուսումնական տարում ուսուցումը կազմակերպել երկու թեքումով՝ արևմտահայերենի և արաբերենի խորացված ուսուցմամբ:
ՀՀ ԿԳՆ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը ներկայացրել է ավագ դպրոցի սիրիահայ շրջանավարտների համար ԲՈՒՀ ընդունվելու համար սահմանված կարգը, որի համաձայն դիմորդներն օգտվում են այն բոլոր արտոնություններից, որոնք նախատեսված են սփյուռքահայ ուսանողների համար:
Օրակարգի համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը ներկայացրել է սիրիահայերին բուժօգնության տրամադրման, ինչպես նաև մասնագիտությամբ բժիշկ սիրիահայերին աշխատանքի տեղավորման ուղղությամբ կատարած աշխատանքները: ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ շուրջ 500 սիրիահայ ստացել է հիվանդանոցային բուժօգնություն: 1000-ից ավելին անվճար օգտվել են պոլիկլինիկական ծառայություններից: Աշխատանք փնտրող 73 սիրիահայ բժիշկներից 45-ը ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ աշխատանք է գտել, որոնցից մի քանիսը նաև համակարգի կառավարման ոլորտում: Քննարկվել են նաև մարզերում աշխատող սիրիահայ բժիշկների կեցության և ոլորտում լուծում պահանջող այլ խնդիրներ:
Ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է առաջարկների քննարկման և իրականացման ուղղությամբ հետագա անելիքները: