ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայից շուրջ տասն ամիս առաջ Հայաստան տեղափոխված հալեպահայ Մինաս Քանթարջյանը հայրենիքում հիմնել է մաղով տպագրություն: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Քանթարջյանը, Հայաստանում տպագրության այդ եղանակը հիմնել է ընկերոջ` Ալեքսան Քարադանայանի հետ. նույն գործով շատ երկար տարիներ նրանք զբաղվել են նաև Սիրիայում, որտեղ ունեցել են հեղինակավոր ու լավագույն տպարաններից մեկը: «Հույս ունեմ, որ Հայաստանում մեր գործն աստիճանաբար կլավանա, և այստեղ նույնպես կկարողանանք հիմնել այնպիսի մեծ տպարան, ինչպիսին Հալեպում ունեինք»,- ասաց Մինաս Քանթարջյանը:
Մաղի միջոցով սիրիահայ գործընկերները շապիկների վրա տպագրում են պատկերներ, որոնք կազմված են մի քանի գույներից: Շրջանակների մեջ ամրացված ցանցի միջոցով կտորի վրա դաջում են պատկերը, որից հետո չորացնում ու ջերմային ռեժիմով են անցկացնում` ավելի որակյալ դարձնելու համար:
Քանթարջյանի գործընկերը` Ալեքսան Քարադանայանը, մասնագիտությամբ դիզայներ է, Հալեպում ունեցել է առանձին դիզայներական ստուդիա և համագործակցել է ոչ միայն Քանթարջյանի, այլև բազմաթիվ այլ տպարանների ղեկավարների հետ: Այստեղ Քարադանայանն առայժմ համագործակցում է միայն Հայաստան տեղափոխված իր գործընկերոջ հետ, սակայն պատրաստվում է Երևանում եւս հիմնել դիզայներական իր ստուդիան:
«Հալեպը Մերձավոր Արևելքի առաջին բիզնես կենտրոնն էր, որտեղից հագուստ շատ էին գնում: Դա նշանակում էր, որ դրսից հոսքը շատ-շատ էր: Բացի դրանից, մեզ մոտ պատվիրատու գտնելն էլ ավելի հեշտ էր, քանի որ յուրաքանչյուր թաղամաս առանձնացված էր որևէ արհեստով զբաղվողներով. դիզայներներն առանձին փողոցի վրա էին աշխատում, տպագրիչները` առանձին»,- ասաց Ալեքսան Քարադանայանը: Նրա խոսքով` Հալեպում ստեղծած արտադրությունը մեծ հետաքրքրություն էր վայելում, անգամ արտահանվում էր:
Անդրադառնալով Սիրիայում հայերի նկատմամբ վերաբերմունքին` Քարադանայանը նշեց, որ սիրիացիները շատ բծախնդիր պատվիրատուներ էին. նրանք վստահում էին հայերին եւ շատ հավանում հայերի կատարած աշխատանքը ցանկացած ոլորտում: «Գաղտնիք չէ, որ Սիրիայում արհեստագործությունը հայերի շնորհիվ է զարգացել, քանի որ 1915 թվականից հետո Սիրիա տեղափոխվելով` հայերը տարբեր շրջաններում զարգացրել են իրենց արհեստները: Արաբներն էլ մեծ ուրախությամբ են մեզ ընդունել, նրանց դռները միշտ բաց են եղել հայերի առաջ: Դա շարունակվում է նույնիսկ այս կրիտիկական պահին: Սակայն հիմա ընդդիմադիր ուժերը ավերում ու թալանում են հայերի հիմնած արտադրամասերը, ողջ տեխնիկան ուղարկում Թուրքիա ու վաճառում»,- պատմեց սիրիահայը:
Քարադանայանը սկզբում ընտանիքի անդամների հետ Հայաստան էր տեղափոխվել երկու ամիս ժամկետով, սակայն ավելի երկար ժամանակ է` այստեղ է: Սիրիահայը դեռ չի որոշել Հայաստանում վերջնականապես հաստատվելու մասին: «Առավոտյան, երբ տանից դուրս եմ գալիս, մոռանում եմ ամեն ինչ ու դառնում երևանցի, սակայն երբ երեկոյան վերադառնում եմ տուն, հիշում եմ, որ սիրիահայ եմ, վերհիշում եմ Հալեպը, իմ տունն ու գործը: Հիշողություններն ավելի են թարմանում, երբ տղաս իր` Հալեպում թողած ավտոմեքենան է ուզում, աղջիկս` իր ընկերուհիներին ու հարևաններին կարոտում: Դժվար է ծառն արմատախիլ անել ու բոլորովին այլ տեղում տնկել: Մեզ մոտ հիմա այդ վիճակն է: Փորձում ենք շիվեր տալ»,- ասաց նա: Քարադանայանն ընդգծեց, որ Հայաստանում ինտեգրվելու, ունեցած խնդիրները լուծելու հարցում շատ է օժանդակում Հայաստանի սփյուռքի նախարարությունը, օգնությունն անգամ կենցաղային հարցերում է:
Քարադանայանը վստահեցնում է, որ Սիրիայում հայապահպանության խնդիրներ չեն եղել, քանի որ իրենց հնարավորություն են տվել հայկական դպրոցներ ունենալ, հայերեն սովորել: Բացի դրանից, հայերեն են խոսել նաև տանը, հատկապես երեխաների հետ: «Տղաս դեռ 6 տարեկան է, աղջիկս` 11: Երկուսն էլ հաճախում են Երևանում հիմնված Կիլիկյան վարժարան: Սկզբում միայն լեզվի խնդիրն էր, որ նրանց անհանգստացնում էր, սակայն հիմա այդ հարցը լուծված է: Նրանք դեռ փոքր են ու հեշտ են կարողանում սովորել: Մեզ մոտ նման խնդիրներն ավելի դժվար են լուծվում` չնայած, որ դա մեզ չի անհանգստացնում: Ամենամեծ խնդիրներից մեկը հոգեբանական սթրեսն էր, որը տարբեր մարդիկ տարբեր կերպ հաղթահարեցին»,- ասում է նա:
Սիրիահայերի` Երևանում հիմնած տպարանում, հալեպահայերից բացի, աշխատում են նաև երևանցիներ: Աշխատողներից երևանցի Կարինե Հովհաննսիյանն իր գոհունակությունը հայտնեց սիրիահայ գործատուներից: «Թե Ալեքսանը և թե Մինասը շատ լավ մարդիկ են: Նրանք գործի գիտակ են, մարդասեր եւ շատ բարեհամբույր են աշխատողների նկատմամբ»,- ավելացրեց աշխատակիցը:
Ալեքսան Քարադանայանը Հայաստանում նաև Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի փոխնախագահն է:
«Արմենպրես» լրատվական գործակալությունը կներկայացնի վերջին ներքաղաքական դեպքերի պատճառով երկիրը լքած ու Հայաստանում հաստատված սիրիահայ մեր հայրենակիցների հաջողության պատմությունը: Հայաստանում այժմ բնակվում է շուրջ 6 հազար սիրիահայ: Աշխատանքի համար Սփյուռքի նախարարություն է դիմել 600 սիրիահայ, նրանցից նախարարության անմիջական աջակցությամբ աշխատանքի է ընդունվել շուրջ 200-ը: Մի քանի տասնյակ սիրիահայեր աշխատանքի են տեղավորվել տարբեր ծրագրերով:
Պատրաստեց Ռուզաննա Մովսիսյանը
http://armenpress.am/arm/news/719728/siriahayery-erevanum-himnel-en-maxov-tpagrutyun.html