civilnet.am – Երեքշաբթի՝ մայիսի 21-ին, սիրիահայ գաղութի ճանաչված հայ մտավորական, ՀԲԸՄ Հալեպի տեղական վարչության ատենապետ Հակոբ Միքայելյանը Հալեպ-Բեյրութ ճանապարհին առևանգվել է ծայրահեղ իսլամիստական Ալ Նուսրա խմբի կողմից. հաղորդում է Ստամբուլում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթը:
Իսլամիստները կանգնեցրել են ավտոբուսը, և միայն Միքայելյանին պահելուց հետո թույլատրել, որ այն շարունակի ճանապարհը: Ընտանիքից հասած տեղեկությունների համաձայն՝ Միքայելյանը ողջ է և անցյալ չորեքշաբթի կարողացել է հեռախոսով կապվել իրենց հետ և իր վիճակի մասին տեղեկություններ հաղորդել:
Ընտանիքի փոխանցմամբ՝ Միքայելյանը զինված խմբավորման կողմից կազմված դատարանի առջև է կանգնեցվել և դատապարտվել երեք ամսվա ազատազրկմամբ՝ սիրիական վարչակարգի համակիր լինելու և նախագահին սատարող քայլարշավների մասնակցելու համար:
70-ամյա Հակոբ Միքայելյանը մի շարք առողջական խնդիրներ ունի:
Նշենք նաև, որ նա նաև հայերեն լեզվի ուսուցիչ է, հեղինակել է մի շարք պատմվածքներ և վեպեր:
Հալեպ-Բեյրութ ճանապարհին առևանգվել է մտավորական Հակոբ Միքայելյանը
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպ-Բեյրութ ճանապարհին մայիսի 21-ին առևանգվել է հայ մտավորական, արձակագիր, Հալեպի բարեգործական վարժարանի տնօրեն Հակոբ Միքայելյանը: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդում են Բերիո թեմի լրատվական ծառայությունից:
Թեմից նշեցին, որ Միքայելյանն առևանգվել է իսլամիստ ծայրահեղականների «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման կողմից, և դեռ հստակ չէ, թե ինչ միջոցներ են ձեռք առնվել նրան վերադարձնելու համար:
Թատերագետ, գրող Լեւոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Իմ լավ բարեկամ, իմ ավագ ընկեր, տաղանդավոր արձակագիր, դերասան և բեմադրիչ, արաբական կինոաշխարհում մեծ ճանաչում վայելող Հակոբ Միքայելյանն առևանգվել է… Անցած տարի հալեպյան իրադարձությունների շրջանում Երևան եկավ, մի շրջան ապրեց այստեղ, դստեր տանը, սակայն նորից Հալեպ վերադարձավ` ասելով, որ հայ մանչերուն դասեր պիտի տա, պիտի մասնակցի պաշարված քաղաքում մնացած հայերին աջակցություն կազմակերպելու գործին…
Խնդրեցինք, համոզեցինք, բայց չմնաց, որովհետև ազնվագույն մտավորականն ուզեց լինել բոլորի հետ, իր սիրելի համաքաղաքացիների, իր աշակերտների, իր «Պետրոս Ադամյան» թատերախմբի հետ… Հիմա հոգիս տագնապած է, սիրտս` մթագնած»: Բերիո թեմից հայտնում են նաեւ, որ Հալեպում իրավիճակն անփոփոխ է:
2011 թվականի մարտից մինչ օրս Սիրիայի իշխանությունների և ըննդդիմության հակամարտության հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 70 հազար մարդ: Սիրիայի զինված ընդդիմության գերակշռող մասը աշխարհի 29 երկրների ներկայացուցիչներ են:
Հայաշատ Հալեպը յուրատեսակ թակարդի մեջ է հայտնվել. ցամաքային ճանապարհները վտանգավոր են քաղաքից դուրս գալու համար, իսկ օդանավակայանը փակ է: Օդանավակայանի մոտակայքում կառավարական ուժերը ցանկանում են վերահսկողություն հաստատել, սակայն ընդդիմադիրներն արդեն իսկ գրավել են մի քանի շրջաններ: