1in.am – Հայաստանում հաստատված սիրիահայ ընտանիքների գլխավոր խնդիրն այստեղ աշխատանք գտնելն է: Հաճախ աշխատանք չգտնելու պատճառով ընտանիքի տղամարդը ստիպված է լինում մեկնել արտագնա աշխատանքի: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Միջին Արևելքի հայության «Ազատ-Հայ» կայքի խմբագիր Հրաչ Քալսահակյանը, սիրիահայ տղամարդիկ հիմնականում մեկնում են Արաբական Միացյալ Էմիրություններ՝ այդ կերպ փորձելով հոգալ ընտանիքի ֆինանսական խնդիրները. «Այս հայերուն թիւը կըգնահատեմ մօտաւորապէս յիսուն-վաթսուն հոգիի այժմ, բայց կրնայ թիւը աւելի ըլլալ, քանի որ անոնք ընդհանրապէս անաղմուկ կուգան եւ չեն շփուի հայ համայնքին հետ, մինչեւ որ իրենց վիճակը չկարգաւորուի»:
Նա ասաց, որ այժմ ԱՄԷ-ում և Ծոցի այլ երկրներում սիրիական անձնագրով աշխատանք գտնելը բավական դժվար է, քանի որ պահանջները խստացվել են: ԱՄԷ և Ծոցի այլ երկրներ հետզհետե դժվար է դառնում սիրիական անձնագրով մուտք գործելը և աշխատանք գտնելը: Այդ երկրներում գրեթե սառեցված են սիրիական անձնագիր ունեցողների կեցության արտոնագրերը: Դա հիմնականում ազդում է այս երկրներ նոր մուտք գործողների վրա, իսկ նրանք, ովքեր վաղուց են ԱՄԷ-ում հաստատված, դեռևս կարողանում են առանց դժվարության իրենց արտոնություններից օգտվել, եթե իհարկե, շարունակում են աշխատել նույն գործատուների մոտ: Վերջիններիս փոփոխության դեպքում հանդիպում են նույն դժվարություններին, ինչին հանդիպում են նորեկները:
Ինչպես փաստեց մեր զրուցակիցը, դժվարությունները շրջանցելու համար ԱՄԷ-ում ապրող հարյուրավոր սիրիահայեր են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, որպեսզի այնտեղ մնալու իրենց կեցության իրավունքն ամրագրեն Հայաստանի անձնագրերի միջոցով: Վերջին շրջանում տասնյակ սիրիահայեր, ովքեր գնացել են ԱՄԷ, իրենց դիմումները ներկայացրել են որպես ՀՀ քաղաքացիներ, ինչի շնորհիվ ԱՄԷ մուտքի վիզան հեշտությամբ ստացել են:
Հրաչ Քալսահակյանը նշեց նաև, որ Հայաստան եկած սիրիահայերը սկզբնապես ԱՄԷ գնալու մտադրություն չեն ունեցել: Հայաստանում նախ բնակվել են հարազատների մոտ, աշխատանք գտնելուց հետո տեղափոխվել են վարձով բնակարաններ, սակայն ցածր վարձատրվելու պատճառով ստիպված են եղել այլ երկրներում աշխատանք փնտրել: