ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաշատ Հալեպում մայիսի 2-ի երեկոյան կրկին հայ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի իր աղբյուրներից: Հայտնի է, որ զոհվածը Րաֆֆի Տաղլյանն է, ով ՀՄԸՄ անդամ է եւ զոհվել է դիպուկահարի արձակած գնդակից: Ստացված տեղեկությունների համաձայն` Րաֆֆի Տաղլյանը վնասվածք է ստացել պարանոցի շրջանում:
Տեղի ունեցածի վերաբերյալ այս պահին մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպի քրիստոնեական եւ հայաշատ թաղամասերում ապրիլի 29-ի կեսօրին տեղի ունեցած պայթյունների հետեւանքով երկու հայեր թեթեւ վնասվածքներ են ստացել:
Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը տեղեկացրեց, որ ինը պայթյուններ են տեղի ունեցել Սուլեյմանիա, Համիդիա, Ազիզիա, Նայալի թաղամասերում, որոնց հետեւանքով թաղամասերը նյութական վնասներ են կրել: Սուլեյմանիայում պայթյունի հետեւանքով հրդեհ է բռնկվել է շենքերից մեկի տանիքի վրա, որտեղ հավանաբար վառելանյութ է եղել:
2011թ.-ի մարտի 15-ից ի վեր, ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 70 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: