tert.am – ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին Հալեպի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվել է սուրբ պատարագ և հոգեհանգստի արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին։
Կեսօրին Հայ Կաթողիկե առաջնորդարանի Աղաջանյան սրահում Սիրիայի հայ առաքելական, կաթողիկե և ավետարանական համայնքապետերի ներկայությամբ ու հայկական մշակութային միությունների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում։
Միջոցառման ավարտին եզրափակիչ խոսքով հանդես է եկել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանը։ Վերջինս խոսել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների կանխարգելման, դատապարտման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից գործադրվող ջանքերի մասին։