ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոս-Ղամիշլի-Երևան չվերթը պարբերական կդառնա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սիրիական ավիաուղիներ»-ի երևանյան գրասենյակի մենեջեր Սվետլանա Հովհաննիսյանը: «Առաջին չվերթը կայացել է, այնտեղից եկել է 68 մարդ, մեկնել են 12-ը»,-ասաց Հովհաննիսյանը: Նրա խոսքով` այդ ուղղությամբ չվերթները պարբերական կդառնան: «Այդ ուղղությամբ չվերթ կիրականացվի ամեն չորեքշաբթի` ժամը 03:10-ին»,-ասաց նա` հավելելով, որ Հալեպի և Լաթաքիայի ուղղությամբ չվերթների վերաբերյալ դեռ նորություն չունեն: Դամասկոս-Ղամիշլի-Երևան չվերթի միակողմ տոմսն արժե 176 հազար 020 դրամ, իսկ երկկողմը` 270 հազար 160 դրամ:

Հայաշատ Հալեպը յուրատեսակ թակարդի մեջ էր հայտնվել. ցամաքային ճանապարհները վտանգավոր են քաղաքից դուրս գալու համար, իսկ օդանավակայանը փակ է: Օդանավակայանի մոտակայքում կառավարական ուժերը ցանկանում են վերահսկողություն հաստատել, սակայն ընդդիմադիրներն արդեն իսկ գրավել են մի քանի շրջաններ: Դեպի Հալեպ չվերթների դադարեցումից հետո «Սիրիական ավիաուղիներ» ընկերությունն իրականացնում էր Դամասկոս-Լաթաքիա-Երևան չվերթներ, որոնք եւս անժամկետ դադարեցվել էին: Պարբերական դարձած այդ չվերթներից վերջինը կայացել է փետրվարի 5-ին: Երևան ժամանող ուղևորների թիվը եղել է 75, իսկ մեկնողներինը՝ 13: Ինչ վերաբերում է դեպի Հալեպ կատարվող չվերթների վերականգնմանը, ապա այդ կապակցությամբ «Սիրիական ավիաուղիներ»-ը դեռ ոչ մի նորություն չունի: