Ժիրայր Րէիսեան

Ժիրայր Րէիսեան

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Շեյխ Մակսուդ շրջանում ծայր առած ընդհարումների եւ դրանց շարունակության պատճառով թաղամասում գտնվող քրիստոնյաների գերեզմանները հայտնվել են բախումների վտանգավոր շրջանում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը` ավելացնելով, որ գերեզմանների թվում են նաեւ հայկական երեք` առաքելական, ավետարանական եւ կաթոլիկ համայնքների գերեզմանները: Ելնելով ստեղծված իրավիճակից` Սիրիայի կառավարությունն անմիջապես հողատարածք է տրամադրել ծայրամասում քրիստոնյաների թաղման արարողությունները կատարելու համար: Հալեպահայերի ֆեյսբության էջից նաեւ տեղեկացանք, որ թաղումները տեղի կունենան ալ Ֆուրքան շրջանում հատկացված տարածքում: Տարածքը Նոր գյուղից չորս կիլոմետր հեռավորության վրա է գտնվում` Հայաստանի նախկին հյուպատոսարանի առջեւ:

Ինչ վերաբերում է Հալեպում տիրող ընդհանուր իրավիճակին, Ռեյիսյանը տեղեկացրեց, որ Շեյխ Մակսուդ թաղամասում շարունակվում են բախումները եւ ռմբակոծությունները: Իսկ հայկական թաղամասերում թեպետ բախումներ չկան, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ:

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում արդեն երկու տարի շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 70 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը մոտ հինգ տասնյակ է: