ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 32 սիրիահայ քաղաքացի կենսաթոշակ է ստանում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը` հորդորելով բոլոր 65 տարին լրացած եւ ՀՀ քաղաքացիություն ունեցող սիրիահայերին դիմել ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն կենսաթոշակ ստանալու համար:

Զաքարյանի խոսքով`2013 թվականի հունվար ամսվա տվյալներով Երեւանում շուրջ 500 սիրիահայ ընտանիք է ապրում 1400 անդամով: «Երեւանի քաղաքապետարանի կողմից կարիքների գնահատում կատարելուց հետո պարզվել է, որ սիրիահայերի համար առաջնային են բնակարանների վարձերի եւ զբաղվածության խնդիրները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Վարչության պետը նշեց, որ սիրիահայերի կարիքները հոգալու նպատակով Երեւանի քաղաքապետարանը այս տարվա երկու ու կես ամսվա ընթացքում արդեն 14,5 միլիոն դրամ գումար է հատկացրել: «Սիրիահայ 156 ընտանիքի դրամական աջակցություն է տրամադրվել: Փոխհատուցվել են 128 ընտանիքի բնակարանային, ուսման ու ջեռուցման վարձերը: Պարենային աջակցություն է ցուցաբերվել 67 ընտանիքի: 16 սիրիահայ տարեցներ կցվել են գթության խոհանոցներին, 6 սիրիահայի էլ անվճար հոգեբանական ծառայություն է մատուցվել»,-ասաց նա:

Զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված 131 սիրիահայերից աշխատանքի է տեղավորվել 41-ը, ևս 12 սիրիահայ աշխատանք է տեղավորվել վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աջակցությամբ:

Հայաստանում ապաստանած 483 սիրիահայի, ովքեր դիմել են քաղաքապետարանի ենթակայության տակ գործող բուժհիմնարկներ, տրամադրվել է նաեւ անվճար բուժօգնություն:

Սիրիայում 2011 թվականի մարտից ընթացող քաղաքացիական պատերազմի հետեւանքով Հայաստանում շուրջ 6500 սիրիահայ է ապաստանել: