Մարտի 15–ին ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպեց հասարակական կազմակերպությունների, համահայկական և հոգևոր կառույցների ներկայացուցիչների հետ` քննարկելու գերատեսչության ծրագրերում հասարակական կազմակերպությունների ներգրավման հնարավորությունները:
Հանդիպումը ողջույնի խոսքով բացեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որից հետո Տերունական աղոթքով խնկարկված դահլիճում սկսվեց միջոցառումը: ՀՀ սփյուռքի նախարարն իր խոսքում մասնավորապես ասաց.
«Հայ ժողովուրդը մեկ տարի է, ինչ ալեկոծության մեջ է, և դրա պատճառը Սիրիայում ծավալված պատերազմական գործողություններն են, որի հետևանքով հազարավոր սիրիահայեր հայտնվեցին Լիբանանում, Հորդանանում, Ծոցի երկրներում, իսկ 6000 – ից ավել սիրիահայեր եկան Հայրենիք:
Մեր կառավարությունը և ժողովուրդը նրանց շրջապատեց հոգատարությամբ և ջերմությամբ: Ընդունվել են տասնյակից ավելի կառավարական որոշումներ, որոշ օրենքներում կատարվել են փոփոխություններ, որպեսզի կարողանանք հնարավորինս օգտակար լինել մեր հայրենակիցներին: Օգնության կազմակերպման մեջ անփոխարինելի դեր ունեցավ մեր կողմից ստեղծված «Սիրիահայերի հիմանխնդիրները համակարգող կենտրոնը», որը ղեկավարում է տիկին Լենա Հալաճեանը:
Խորապես շնորհակալ եմ ներկաներին, ովքեր հազար ու մի հարցերով սատար եղան մեր սիրիահաայ հայրենակիցներին»:
Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի քարուղար Լուսինե Ստեփանյանն իր ելույթում ներկայացրեց սիրիահայերի հիմանախնդիրների ուղղությամբ կատարված աշխատանքները: Այնուհետև ցուցադրվեց Արման Սաղաթելյանի «Արաբական գարնան սիրիական աշունը» հեղինակային ֆիլմը: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում ակտիվորեն քննարկվող մտքերի փոխանակությամբ և հետաքրքիր առաջարկներով, որոնցից հետագայում գուցե ծնվեն նոր, ինքնատիպ ու տեսլական ունեցող նախագծեր:
http://hayernaysor.am