ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում հունվարի վերջին տվյալներով փաստացի բնակվում է 489 սիրիահայ ընտանիք` 1372 անդամներով: Բոլոր այս ընտանիքների համար առաջնային են համարվում բնակարանների վարձերի հետ կապված խնդիրները: Այս մասին սիրիահայերի հիմնախնդիրների լուծման աջակցության միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում ասաց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Նրա խոսքով`Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանը տարբեր վարչական շրջանների հետ համատեղ ձեռնամուխ է եղել սիրիահայերի հնարավոր սոցիալական խնդիրների լուծմանը: «Դրամական աջակցություն է տրամադրվել 156 սիրիահայ ընտանիքների: Կենցաղային իրերի ձեռքբերման համար 215 ընտանիքների տրամադրվել է դրամական օգնություն: Պարենային աջակցություն է ցուցաբերվել 66 ընտանիքի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Զաքարյանը նշեց, որ Երեւան քաղաքի բարեգործական ճաշարաններում այս պահի դրությամբ ընդգրկված են 11 սիրիահայեր: Հոգեբանական ծառայություններ են մատուցվել 6 սիրիահայի: «Երեւանի զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառվել են 131 քաղաքացիներ, որոնցից զբաղվածության կենտրոնների միջոցով աշխատանքի են տեղավորվել 40-ը: 12 սիրահայեր աշխատանք են գտել Երեւանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աջակցությամբ»,- ասաց Զաքարյանը:

Սոցիալական ապահովության վարչության պետն նշեց նաեւ, որ սոցիալական ապահովության պետական ծառայություն Երեւանի տարածքային մարմիններ դիմել են եւ կենսաթոշակի իրավունք են ստացել 31 սիրիահայ քաղաքացիներ: Նպաստի իրավունք է ձեռք բերել 9 սիրիահայ, հրատապ օգնություն նշանակվել` 2 սիրիահայ ընտանիքի, մեկ ընտանիքի էլ տրամադրվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստ:

«Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բուժհիմնարկներ են դիմել 316 սիրահայեր, նրանց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն: Սիրիահայ երեխաները ակտիվորեն մասնակցել են նաեւ քաղաքապետարանի կողմից կազմակերպված միջոցառումներին»,-ավելացրեց Զաքարյանը:

Սիրիայում արդեն 23 ամիս շարունակվող բախումների պատճառով ՄԱԿ-ի տվյալներով զոհվածների թիվը հասնում է 70 հազարից: Փախստական է դարձել Սիրիայի մոտ 1 մլն քաղաքացի: