1in.am -ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա, մերձավորարևելյան զարգացումներ. այս թեմայով ասուլիսին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիան և Ռուսաստանը փորձում են վերականգնել այն հարաբերությունները, որոնք եղել են մինչ ռուսական ուղղաթիռի կործանումը: Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական, քաղաքական հարցեր:

«Հանդիպման կարևոր կետերից է եղել այն, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել ատոմակայանի կառուցման շուրջ բանակցությունները: Սրա արդյունքում ՌԴ-ն պարտավորվել է մոտ երկու հարյուր մասնագետ պատրաստել այդ բնագավառում, ուստի, ըստ էության, Թուրքիան դառնում է միջուկային տերություն»,-ասաց Սաֆրաստյանը՝ հավելելով, որ թեև այդ մասին չի բարձրաձայնվում, բայց Պուտինն ու Էրդողանը խոսել են գազի գնի մասին, և ՌԴ-ն գնացել է որոշ զիջումների:

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Պուտինի և Էրդողանի հանդիպմանը բավականին ծավալուն քննարկում է եղել Սիրիայի վերաբերյալ: «Կողմերը համաձայնել են, որ պետք է շարունակեն ջանքերը Հալեպի բնակչությանը հումանիտար օգնություն ցույց տալու ուղղությամբ: Սա նշանակում է, որ Թուրքիան չի միանում Արևմուտքին, որը քննադատում է ՌԴ քաղաքականությունը Սիրիայում: Քննարկվել են նաև թուրքական զինուժի գործողությունները: Ինչպես գիտենք, Թուրքիան Սիրիայի Հյուսիսում տարածք է գրավել: Այս հանդիպումը և քննարկումը վկայում է այն մասին, որ, ըստ էության, Ռուսաստանը չի քննադատում, չի բողոքում Թուրքիայի այդ գործողության դեմ»:

Ռ. Սաֆրաստյանը նշեց, որ կողմերը պայմանավորվել են առաջիկայում ռազմական բանակցություններ վարել երկու երկրների գլխավոր շտաբերի, պաշտպանության նախարարների միջև, ինչը վկայում է, որ կողմերը փորձում են ընդհանուր գործողությունների համար հիմք ստեղծել Սիրիայում:

Սաֆրաստյանի կարծիքով՝ պետք է առաջին հերթին մտածել հալեպահայության ապահով տարհանման մասին. «ՄԱԿ-ի գնահատականներով՝ մոտական երկու ամսվա ընթացքում իրադրությունը շատ ավելի վատանալու է Հալեպում, և կարևոր է, որ կարողանանք ապահովել մեր հայրենակիցների անվտանգ ելքը»:

http://www.1in.am/2026962.html