www.tert.am – Հայաստան ժամանած բոլոր սիրիահայերը գրանցված են «Կարմիր խաչում», որոնց թիվը կազմում է շուրջ 5 հազար. այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց «Հայկական կարմիր խաչի ընկերության» լրատվական և լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը:
Ըստ նրա՝ հաշվի առնելով սիրիահայերի ցանկությունը, մտցվել է տնտեսական ինքնաբավության բաղադրիչը: «Այսինքն՝ սիրիահայերի համար ստեղծվում են պայմաններ, որ սկսեն իրենց սեփական բիզնեսը և որևէ մեկից կախված չլինեն: Նրանց տրամադրվում է նաև բիզնես-խորհրդատվություն»,- ասաց նա:
«Օքսվամ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը նշեց, որ արդեն երկրորդ տարին է ներգրավված է սիրիահայերին օգնելու ծրագրի մեջ: «Մենք հիմնականում լուծում ենք տան վարձին առնչվող հարցերը: Անապահով ընտանիքների բնակարանի վարձը վճարում ենք մասնակի, մոտավորապես երեք ամսվա կտրվածքով՝ 60-ից 80 հազար դրամի շրջանակներում: Լինում են դեպքեր երբ աջակցում ենք մինչև մեկ տարվա կտրվածքով»,- ասաց նա:
Հակոբյանի խոսքով՝ վերջին շրջանում պտտվում են լուրեր, թե Հայաստան է գալու 600 սիրիահայ, սակայն այս թիվը խեղաթյուրված է, քանի որ Սփյուռքի նախարարության հաղորդած տեղեկությամբ ընդամենը 4 ընտանիք է եկել Հայաստան:
Մարգարիտա Հակոբյանը նշեց, որ ինքնաթիռից իջնելուց անմիջապես հետո սիրիահայերը տեղեկանում են, թե իրենց խնդիրներով որ կազմակերպություններին կարող են դիմել:
«Առաքելություն արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արմեն Բեժանյանն էլ տեղեկացրեց, որ սիրիահայերին աջակցելու համար իրենք համագործակցում են մի շարք կազմակերպությունների հետ։ «Մեր նպատակն է մասնակի բնակվարձի հատուցումը։ Ծրագրում կա ձմեռնամուտի ապահովման բաղադրիչ և սոցիալ-հոգեբանական աջակցություն: Ունենք սոցիալական աշխատողներ, որոնք զբաղվում են այդ խնդրով»,- ասաց նա և հայտարարեց, թե հարկավոր է համակարգված աշխատանք տանել, որովհետև սիրիահայերին աջակցելը այս պահին կարևորագույն խնդիր է: