ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ երեք շաբաթ առաջ Հալեպի ծայրամասերից մեկում իր աշխատավայրից առեւանգված Գեւորգ Կարագուլյանն ազատ է արձակվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի իր աղբյուրներից: Լուրեր են շրջանառվում նաեւ այն մասին, որ նա ազատ է արձակվել փրկագին վճարելուց հետո:
Փետրվարի 14-ին Հալեպի ծայրամասերից մեկում իր աշխատավայրի ճանապարհին առեւանգվել էր հայազգի Գեւորգ Կարագուլյանը: Առեւանգողները Գեւորգ Կարագուլյանին ազատ արձակելու համար բավական մեծ գումարի չափով փրկագին էին պահանջում:
Ինչ վերաբերում է հալեպահայ Նազարեթ Սաբունջյանին, ով մի քանի օր առաջ Բեյրութ տանող ճանապարհին առեւանգվել էր տաքսու վարորդի հետ միասին, ապա նա դեռ ազատության մեջ չէ:
Հալեպահայերը նշում են, որ քաղաքում անցնող մի քանի օրերին մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Հայկական թաղամասերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն հաճախակի են դարձել էլեկտրականության ընդհատումները:
ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 70 հազարի, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: