aparaj.am – Սիրիայում շարունակվում են Արցախի անկախությանը նվիրված միջոցառումները: Մայիսի 24-ին Արցախի Հանրապետության հռչակման 25–ամյակը նշվեց Քեսաբում:
Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը:
Դ.Իշխանյանն իր ելույթում անդրադարձավ Ղարաբաղյան հիմախնդրի շուրջ ծավալվող զարգացումներին: Խոսեց Արցախի 25-ամյակի պատմական, քաղաքական եւ ռազմական հիմնական իրադարձությունների մասին:
Իշխանյանն իր խոսքում նաեւ նշեց. «Ապրիլյան ռազմական գործողություններն ուղղված էին Արցախի Հանրապետության ինքնիշխանության ու նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ: Արդեն պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանն իր թիկունքին զգալով արտաքին ուժերի տաք շունչը՝ փորձեց առիթն օգտագործել նախորդ տարիների իր ռազմատենչ հայտարարություններն իրականություն դարձնելու եւ ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու: Ադրբեջանի եւ նրան սատարող ուժերի հաշվարկներն այս անգամ էլ սխալ դուրս եկան: Հայ զինվորն ու կամավորը հերթական անգամ խառնեցին նախորոք նախանշված խաղաքարտերը: Հայկական կողմը, հերթական անգամ փաստեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը եւ հակամարտության կարգավորումը պետք է հանդիսանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրականացումն Արցախի Հանրապետության սահմաններում»:
Միջոցառումն ուղեկցվեց ազգային- հայրենասիրական երգերով ու ասմունքով: