yerkirmedia.am – Հալեպում իրավիճակը շարունակում է անհանգիստ մնալ։ Ինչպես տեղեկացնում է «Երկիրն այսօր»-ի հատուկ թղթակից Զարմիկ Պողիկյանը, նախօրեին հրթիռակոծվել են Հալեպի բազում թաղամասեր, այդ թվում հայաբնակ Սուլեյմանիեն։
Խաղաղ բնակչության շրջանում կան մեծ թվով զոհեր եւ վիրավորներ։ Սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ, սպանվել է 7 եւ վիրավորվել` 66 խաղաղ բնակիչ։ Վերջինների թվում են նաեւ մեր երկու հայրենակից՝ մայր ու դուստր, որոնց տեղափոխել են հիվանդանոց։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Մինչ այդ հերթական հրթիռակոծության հետեւանքով ծանր վիրավորված Անի Ավագյանի կյանքը բժիշկները չեն կարողացել փրկել։ Կիրակի տեղի է ունեցել նրա հուղարկավորությունը։
«Բերիո Նյուզի» փոխանցմամբ էլ, ապրիլ 28-ին զինյալ ահաբեկչական խմբավորումը հրթիռակոծել է Կիլպենկիան հիվանդանոցի հանդիպակած շենքը:
Ուժգին պայթյունի հետեւանքով ցնցվել է Նոր Գյուղի շրջանը: Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ: Պայթյունի հետեւանքով վնասվել է նաեւ Հայ Ծերանոցը: Այժմ ընթանում են նորոգման աշխատանքները:
Մինչ այդ համացանցում հայտնված լուսանկարները փաստում են, որ զինյալ այդ խմբավորումները գործում են Թուրքիայի կամ թուրքերի հովանավորության ներքո։
քրդական լրատվական գործակալության տարածած լուսանկարներում երեւում են զինյալները` Հալեպի ուղղությամբ արձակվելիք արկերի կողքին, որոնց վրա կա գրառում՝ «Ստամբուլում մահացած մեր արյունակիցների համար»։
Մինչ այդ էլ տարածված մեկ այլ լուսանկարում արկի վրա զինյալները «Նահատակ Էնվեր փաշա» գրառումն էին կատարել։