panorama.am – Սիրիայում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ՍԴՀԿ Հալեպի վարիչ մարմինն առաջադրել է Շահե Մինասյանի թեկնածությունը: Այս մասին գրում է «Արևելք»-ը:

Շ. Մինասյանը ՍԴՀԿ Հալեպի վարիչ մարմնի անդամ է:

Տարբեր աղբյուրների հաղորդմամբ, առաջիկա ընտրություններում Հալեպից խորհրդարանում հայերին հատկացված տեղերի համար իրենց թեկնածությունն առաջադրել է 10 թեկնածու, սակայն մինչ այս պահը պաշտոնական հայտարարություն որևէ մեկի կողմից չի եղել: Շահե Մինասյանն առաջինն է՝ որպես առաջիկա ընտրություններում ՍԴՀԿ-ն ներկայացնող թեկնածու:
Հիշեցնենք, որ Սիրիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու ապրիլի 13-ին:

Առաջիկա ընտրությունները կլինեն երկրորդը Սիրիայում զինված հակամարտության սկսվելուց ի վեր: Սիրիայում վերջին անգամ խորհրդարանական ընտրություններ կայացել էին 2012թ. մայիսին: Այդ ժամանակ ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 51 տոկոսը:

Սիրիայի օրենսդիր մարմնի անդամների ընդհանուր թիվը 250-ն է: