news.am – Սիրիահայերը Հայաստանի ոչ թե անճարության պատճառով են հեռանում, այլ ավելի լավ ապրելու ձգտումով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ հավելելով, որ բացարձակապես հիմնավոր չեն սիրիահայերի այն պնդումները, թե ապրելու եւ բիզնես ծավալելու համար պայմաններ չկան, դրա համար են իրենցից շատերը հեռանում Հայաստանից։

«Մոտավորապես 17 հազար սիրիահայեր այստեղ են: Հինգ տարվա ընթացքում սիրիահայերը մտել են Հայաստան ու դուրս եկել, անընդհատ շարժման մեջ են: Շատերը գնում են Լիբանան առեւտուր են անում, գալիս են: Հայաստանում, իհարկե, աղքատություն ու գործազրկություն կա, բայց Հրանուշ Հակոբյա՞նն է դրա համար մեղավոր: Չեմ ընդունում էդ պայմաններ չստեղծելու հարցը: Նրանք իրենց Սիրիայում շատ լավ պայմաններում են ապրել ու ունեւորներ են եղել, միջին ու բարձր ունեցվածքի տեր, բայց որ սկզբից եկան տուրիստական մոտեցում ունեին, ման էին գալիս` մտածելով, որ մի քանի ամիս անց կվերադառնան: Իրենք վստահ էին, որ ճգնաժամը կարող է լուծվել մի քանի ամսում ու կվերադառնան, բայց չլուծվեց ու իրենք մնացին:

Այս ընթացքում Շվեդիան, Կանադան սկսեցին ակտիվ գործել, որովհետեւ իրենք բնակչության թարմացման խնդիր ունեին, աշխատուժի եւ այլն, եւ հայկական սփյուռքի գոյությունն էլ իր հերթին օգնում է, որ շատերը ելման կետ գտնեն: Մի մասը փորձեց դուրս գնալ: Երեւի 3 հազար մարդ այդպես գնաց: Իհարկե, գայթակղող բաներ կան, քան Հայաստանում, բայց մեղադրել պայմաններ չստեղծելու մեջ, բացարձակ անճշտություն է»,-ասաց Հրանուշ Հակոբյանը:

Ըստ նախարարի` նրանց տրվեց աննախադեպ վարկային արտոնություններ, որը օգնեց շատերին կայանալ: «81 հոգի ստացավ 15-20 հազար դոլար վարկ 4 տոկոսով 5 տարի ժամկետով, այսպիսի արտոնյալ պայման էլ որտե՞ղ կարելի էր ստեղծել: Այս 81-ի 95 տոկոսի բիզնեսը կայացավ: Ով էլ որ գնացել է, ավելի լավ պայմաններ ունենալու համար է գնացել… Լինում են, որ դժգոհում են, ես էլ ասում եմ` եկեք առարկայական քննարկենք, հանդիպում կազմակերպենք ու թող ձեզ պատասխան տան: Ես ոչ բիզնես ունեմ, ոչ էլ գիտեմ խնդիրը, բայց ես հարցը բարձրացնում եմ… Դուք գրում եք, քննադատում, իսկ ես իրենց ամեն հարցով զբաղվում, ամեն շաբաթ էս աշխատասենյակի դուռը բացվում է ու մեկ սիրիահայ ասում է` տիկին նախարար, պապս մեռավ: Լրագրողները մրոտում են, իսկ ես պետք է հողի հարցը լուծեմ, թաղման հարցը, դագաղի, մեքենայի տեղափոխման ու, որովհետեւ երիտասարդ տղա է, մենակ է, պապիկն էլ մահացել է: Ի՞նչ անես: Մեկ ուրիշը կգա, դուռը կբացի, կասի՝ տիկին նախարար երեխա ունեցա, դա նշանակում է որ տակաշորից մինչեւ հագուստ մենք պիտի զբաղվենք»,-նեղսրտեց Հրանուշ Հակոբյանը: