ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկ շաբաթից իր բիզնեսի հիմնումը կտոնի Հայաստանում հաստատված սիրիահայ եւս մեկ ընտանիք: Մայրաքաղաքի սրտում կբացվի հացատուն-պանդոկ, որտեղ կմատուցվեն հայկական ավանդական և մոռացված ուտեստներ: Հիմնադիրը սիրիահայ Նժդեհ Թուֆենկջյանն է, ով «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ բավականին կերակուրներ կան, որոնք թավայով մատուցվող ուտեստներ են, սակայն օտար ազգերը յուրացրել են, փոխել անունը և օգտագործում են: «Մենք էլ կվերադարձնենք դրանք, կպատրաստենք հին ավանդական տարբերակով և կփորձենք պահպանել հայկականը»,-նշեց Նժդեհը:
Նժդեհը 1999թ-ից մինչև 2012թ-ը ամեն տարի որպես զբոսաշրջիկ եկել է Հայաստան և միշտ ցանկացել է ընտանիքի հետ միասին տեղափոխվել այստեղ ու մշտական բնակություն հաստատել: «Սկզբում տեղափոխվել եմ կնոջս հետ: Հետագայում հնարավոր է, որ ծնողներս նույնպես մեզ միանան»,-ասաց նա: Հայրենադարձը Սիրիայում ևս բիզնեսով է զբաղվել. Ճապոնիայից Սիրիա է տեղափոխել օգտագործված ավտոպահեստամասեր: «Հայաստանում որոշեցի այլ գործունեությամբ զբաղվել և մտահաղացում ծնվեց` բացել հացատուն»,-ասաց Նժդեհը և ավելացրեց, որ հացատուն-պանդոկը կլինի հարմարավետ ու մատչելի բոլորի համար:
Սիրիահայ Նժդեհ Թուֆենկջյանը կնոջ հետ մեկ տարուց ավել է` ապրում է Հայաստանում, որտեղ և ծնվել է նրանց առաջնեկը` Վանան: Նժդեհի համար Հայաստանի առաջին առավելությունը նրա աշխարհագրական դիրքն է: «Ինձ համար շատ կարևոր է, որ Հայաստանը ոչ արևելք է, ոչ արևմուտք: Ես ուրախ եմ, որ աղջիկս իր հայրենի հողի վրա է ապրում»,-կարևորեց Նժդեհը:
«Արմենպրես» լրատվական գործակալությունը կներկայացնի Հայաստանում հաստատված սիրիահայ մեր հայրենակիցների հաջողության պատմությունը: Հայաստանում տնվող շուրջ 6500 սիրիահայերից մոտ 3000-ը դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Սփյուռքի նախարարություն աշխատանքի համար դիմած 700 սիրիահայերից էլ 550-ի աշխատանքային խնդիրներն արդեն կարգավորվել են: Նրանցից բժշկական կրթություն ունեցող 22 մասնագետ արդեն աշխատում են տարբեր կլինիկաներում: Մի քանի տասնյակ սիրիահայեր աշխատանքի են տեղավորվել տարբեր այլ ծրագրերով:
Սիրիահայերի հետ զրուցեց Ռուզաննա Մովսիսյանը